Յոթ տարեկանից երգող ու միլիոնատեր դարձած Սիրուշոն ընդամենը մեկ մենահամերգ է տվել

«Կինս 7 տարեկանից երգում է, իր ընկերությունն ունի, գումար է աշխատում, իմ հետ կապված, մեր հետ կապված ֆինանսական առումով որևէ բան չունի»,- ասել էր Լևոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, իր կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի մասին։

Նրա այս հարցազրույցից հետո ֆեյբուքյան հարթակում սկսվեցին իրար հերթ չտվող կատակները, թե «երբ երգում ես 7 տարեկանից, դոլարային միլիոնատեր ես դառնում», «ափսոս, որ ես 8 տարեկանից սկսեցի երգել»․․․

Ի դեպ, 7 տարեկանից բեմ բարձրացած, 30-ում՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում ստացած Սիրուշոն ընդամենը մեկ մենահամերգ է տվել՝ 2014 թվականի նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի NOKIA թատրոնում։ Համենայնդեպս այդպես է գրված երգչուհու՝ Վիքիպեդիայի էջում։

Գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիներն իրենց գումարները հիմնականում մենահամերգներից ու համերգներից են վաստակում։ Իսկ Սիրուշոյի անունը համերգների ազդագրերում հազվադեպ է հանդիպում։

Երգչուհին, ըստ էության, վայելում է արվեստը, ո՛չ գումար աշխատելու խնդիր ունի, ո՛չ ընտանիքի ապրուստը հոգալու բեռ։ Երբեմն-երբեմն տեսահոլովակներ է նկարահանում հանրահայտ երգիչների հետ, երբեմն ջանքուեռանդ չի խնայում World Music Awards-ում աշխարհի լավագույն երգչուհի, աշխարհի լավագույն երգ, աշխարհի լավագույն տեսահոլովակ անվանակարգերում առաջադրվելու, բայց այդպես հաղթանակի չհասնելու գործում․․․

Մնում է ենթադրել, որ Լոս Անջելեսի մենահամերգի տոմսերն աստղաբաշխական են եղել ու երգչուհին հանկարծ միլիոնատեր է դարձել։

Հա, ի դեպ, Նազարի բախտով միլիոնատեր դարձած մեկն էլ կար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն էլ լոլիկ ցանելով էր հարստացել։ Բայց դե պապն ամեն անգամ հո փլավ չի՞ ուտի, կամ գետն ամեն անգամ հո գերան չի՞ բերի, որ 7 տարեկանից երգես ու միլիոնատեր դառնաս, կամ ոսկե սերմերով լոլիկ ցանես ու Ազգային ժողովի շենքի նմանությամբ տան տեր դառնաս․․․

Ա․ Խ․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ