«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և վերադարձնի հայերի պատմական հողերը». Ժիրինովսկի

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա իր պապական հողերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքէջը, այս մասին Պետդումայում հայտարարել է ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Նա հիշեցրել է, որ այդ մասին իր կուսակցությունը հայտարարել է վաղուց: Մեկնաբանալեով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը՝ Ժիրինովսկին նշել է.

«Մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը: 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհ դարձան 1,5 մլն հայեր, և դրա վրա աչք փակելն ամարդկային է:

1915-ի իրադարձությունները մարդկային պատմության մութ էջերից է: Նման դաժան ոչնչացում որևէ այլ ազգի նկատմամբ ոչ Եվրոպայում, ոչ Ասիայում տեղի չի ունեցել: Մեկ դար առաջ ազգային պատկանելության համար տեղի է ունեցել մարդկանց ոչնչացում: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին, ուստի իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ժիրինովսկին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ