![]()
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների առցանց հարցուպատասխանի ժամանակ քաղաքացիներից մեկը երկրի ղեկավարից հետաքրքրվել էր, թե ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունը նոր օրհներգ ունենալու, որը կմղի լիարժեք պաշտպանել ազատությունը:
Նկատենք, որ հիմնի փոփոխության հարցը առավել ակտիվ սկսեց քննարկվել 44-օրյա պատերազմից հետո, եղան տեսակետ արտահայտողներ, որ ոգեշնչող օրհներգից և հայկականությունը արտացոլող խորհրդանիշներից պետք է սկսել ապագա հաղթանակների կերտումը։ Այս խոսակցությունները, սակայն, աստիճանաբար դադարեցին:
Արձագանքելով քաղաքացու դիտարկմանը՝ Կառավարության ղեկավարը ևս արձանագրել էր, որ օրհներգի բառերի և կառուցվածքի մեջ իսկապես մարդիկ որոշակի խնդիր են տեսնում:
«Ինքս, լրագրող լինելով և ինչ-որ չափով գրելու հետ առնչություն ունենալով, խորը հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը և պետական սիմվոլներին։ Ճիշտն ասած, իմ տպավորությամբ, մենք ճիշտ տրամաբանություն չենք կարողացել ստանանք։ Եղել է, որ այդ տեքստը դրել եմ և փորձել աշխատել հետը, օրինակ՝ ինչպես է ավարտվում մեր օրհներգը։ Առաջին բանը, որ ես կուզենայի, այն է, որ օրհներգի այն հատվածը՝ «Թող միշտ պանծա Հայաստան», լինի վերջին տողը։ Մյուս կողմից էլ պետք է հաշվի նստենք մեր օրհներգի ու սիմվոլների ավանդույթի ու պատմության հետ։ Ես այս հարցին չեմ ասի՝ այո, բայց անկեղծ լինելով՝ չեմ էլ ասի՝ ոչ»,- ասել էր Փաշինյանը:
Երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը ևս կարծում է, որ մեր օրհներգը որևէ կապ չունի հայկականության հետ: Վերջինս առավել խիստ գնահատական է տալիս՝ ասելով, որ այն պետականության ոչնչացմանն ուղղված խորհրդանիշ է։ Ըստ երաժշտագետի՝ սա միայն իր կարծիքը չէ, այլ հասարակության մեծ մասի, այդ թվում՝ բազմաթիվ երաժշտագետների:
«Մեր այսօրվա հիմնն իր կառուցվածքով կործանող է, մեռնող կամ մեռած ինչ-որ բանի մասին պատմող երաժշտություն, հենց առաջին նոտայից ոչ թե բարձրանում է, այլ իջնում, հանգչում։ Եթե հնչելիս այն բարձրանում է վերև, ապա կյանքի, ապրելու մասին է խոսում, եթե երաժշտությունը դուրս է գալիս ու իջնում ներքև, այլ աշխարհի մասին է՝ մահվան։ Անտիկ ժամանակներից հստակ է, որ երաժշտությունը ունի ազդելու հատկություն։ Մեր օրհներգի բառերի կոդն էլ հենց մահն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Բաղրամյանը:
Միևնույն ժամանակ, նա նկատում է, որ թեպետ օրհներգի կոդը մահն է, սակայն բոլորովին չի նշանակում, թե վերջին տարիների պատերազմների պատճառներն օրհներգի նշանակության մեջ են։
Զրուցակիցը նաև հիշեցնում է, որ մեր հիմնը իտալական երգի ծագում ունի․ «Ասում է՝ երանի նրան, ով մեռնում է հայրենիքի համար, բայց պետք է լինի՝ երանի նրան, ով ապրում է հայրենիքի համար։ Ողբ է դա, մենք էլ 20-րդ դարի վերջում վերցրել ենք սա ու սարքել հիմն։ Նման օրհներգ ունենալը հանցագործություն է։ Աչք փակել սրա վրա չի կարելի, կվերանանք։ Օրհներգը պետք է այցեքարտ լինի, կարող է մարդ խուլ լինի, չլսի այն, բայց կզգա»։
Բաղրամյանի համոզմամբ՝ հիմնը պետք է այնպես լինի, որ զգաստացնի մարդուն, ոչ թե ստիպի քնել. «Հայերս մի շատ վատ բառ ունենք, որը հաճախ ենք գործածում ու այդ կերպ առաջնորդվում՝ «յոլա գնալ»։ Ասում ենք՝ դե, սրանով յոլա գնանք, բայց չպիտի յոլա գնանք։ Ես չգիտեմ որևէ մեկին, ով սիրում է այս օրհներգը, բայց միշտ ասում են՝ ժամանակը չի փոխելու, բա ինչի՞ ժամանակն է. փողոց դուրս գալո՞ւ, ո՛չ։ Երաժիշտները բարձրաձայնում են, որ պետք է փոխվի, հիմնային կոդը պետք է վերականգնվի»։
Վերջինս կարծում է, որ այժմ պատեհ ժամանակն է թռիչք կատարելու և այս իրավիճակից դուրս գալու։ Որպես հիմնի լավագույն օրինակ երաժշտագետը հիշատակում է «Սարդարապատ» ստեղծագործությունը:
«Ես չեմ կարող ասել՝ ունե՞նք ներուժ, թե՞ ոչ, բայց մենք շատ բաներ չունենք։ Եթե արդեն հրաշալի երաժշտություն կա, որն էլ այսօր ունի արթնացնող մեսսիջ, ինչի՞ նոր բան ստեղծենք, որն էլ կա Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ»-ում։ Շատ պետություններ գոյություն չունեին, երբ մենք գիտեինք, թե ինչ է հիմնը, բայց այն պետք է ունենա թռիչք։ Մեր ժողովրդին հենց այդպիսի օրհներգ է պետք՝ խմբավորվելու, վերածննդի գնալու համար, դա միայն «Սարդարապատ»-ի միջոցով է հնարավոր»,- հավատացած է նա:
Արձագանքելով դիտարկմանը, որ հիմն դառնալու առաջարկների թվում նաև Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն են առաջարկվում, որը Սովետական Հայաստանի հիմնի երաժշտությունն է, երաժշտագետը պնդում է իր կարծիքը՝ ասելով, որ լավագույն տարբերակ է համարում «Սարդարապատ» ստեղծագործությունը:
![]()