Ռուսական ռազմաբազան կհանվի՞ Հայաստանից․ պարզաբանում է ՀՀ փոխարտգործնախարարը

ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի խոսքով՝ այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։

Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ռուս պատգամավոր Զատուլինի հնչեցրած մտահոգությունները, որ առաջիկայում կդրվի Գյումրիից ռուսական բազան հանելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցը․ «Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»։

Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում տարբեր միջոցառումներին Հայաստանի չմասնակցելուն՝ նախարարի տեղակալն ընդգծեց՝ տարբեր ձևաչափերով և հարթակներում ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ որոշումները կայացվում են՝ ըստ դրանց նպատակահարմարության։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով՝ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:

Նոյեմբերի 21–ին էլ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ