ՀԱՊԿ-ը հետապնդում է Հայաստանին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կգա Հայաստան՝ Մինսկում ստորագրված փաստաթղթերով․ ՀՀ-ն կմիանա՞ դրանց

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր տեղի է ունենում ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին Հայաստանը չի մասնակցում։ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը նշել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը կազմակերպության մինսկյան գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց. «Մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան, և բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել համաձայնեցման հանձնաժողովի շրջանակներում, կփոխանցվեն մեր հայ գործընկերներին, և հույս ունենք, որ նրանք կմիանան դրանց»։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքներով երկրների ղեկավարները կստորագրեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հռչակագիրը։ Փաստաթղթերի շարքում կստորագրվեն նաև ՀԱԽ մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, կազմակերպության միավորված մամուլի կենտրոնի աշխատանքին, «Միասին դեպի խաղաղություն» մեդալի ստեղծմանը, ՀԱՊԿ բյուջեին։

Տեղին է հիշեցնել, որ նախորդ անգամ, երբ ՀԱՊԿ նիստը անցկացվում էր Երևանում, Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով. «Այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։

Պատճառն այն է, որ 2021 թ. մայիսի 11-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի տարբեր մասեր, ընդհանուր մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին: Դրանից հետո 2022թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը հայտնել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, սակայն իրավիճակի քաղաքական գնահատականը ՀԱՊԿ-ի կողմից մինչև օրս բացակայում է։

Օրեր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։

Հայաստանը այս տարի նաև հրաժարվել էր ընդունել ու մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ չի մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ միջոցառմանը, որին ինքը հրավիրված է, և հիմա ստացվում է, որ ՀԱՊԿ-ը հետապնդում է Հայաստանին։

Ստացվում է՝ ՀԱՊԿ-ը հետապնդում է Հայաստանին, թեև դժվար է պատկերացնել, որ այս պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը փաստացի դավաճանել է Հայաստանին, ՀՀ-ն միանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստան բերելիք փաստաթղթերի տրցակին և Պուտինի ստեղծած միասնական ՀՕՊ համակարգին, որն իր անարդյունավետությունը մի քանի անգամ ապացուցել է Հայաստանին անվտանգային խնդիրների պարագայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ