Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ

Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:

Վերոգրյալի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ:

— Պարոն Էստուգյան, հայության վախերը նորից թարմացա՞ն. Թուրքիայում ոչ միայն մերժում, սպանում են պայքարող հային, այլև անվերջ սպառնում՝ «Մի գիշեր անսպասելի կգանք»։ Ավելին՝ այստեղ աղավնիներին սպանում են, սպանողներին էլ՝ «աղավնի» դարձնում։

— Հայության վախերը ընդմիշտ թարմ են Թուրքիայի մեջ:

— Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված մարդասպան Օգյուն Սամասթը վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ։ Դատավարության այսօրինակ հանգուցալուծումն ի՞նչ մթնոլորտ ստեղծեց պոլսահայ համայնքում և առհասարակ Թուրքիայում։

— Ոճրագործը ազատ արձակվեց դատարանից՝ իր մասին վճռված ազատազրկումը ավարտելով: Ոճրի հաջորդ օրը ձերբակալված Սամասթը ճաղերի հետևում բոլորեց 16 տարի և 10 ամիս: Ազատ արձակումը անակնկալ չէր: Պարզապես այդ լուրը պատճառ դարձավ, որ նախ՝ Դինքի ընտանիքը, ապա՝ Հրանդ Դինքի հիշատակը հարգող զանգվածը կրկին մատնվի սգի՝ վերհիշելով կատարված անարդարությունը: Թուրքիայի հայ համայնքի զարգացումների մասին հաղորդում տվող պաշտոնական մարմինը Թուրքիայի Հայոց պատրիարքարանն է, որ այս պահին նախընտրում է լռություն պահել:

MyCollages — 2023-11-19T200612.792.jpg (75 KB)

«Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանը:

— Ինչպիսի՞ արձագանքներ եղան իշխանամետ և ընդդիմադիր թևերից, ինչպես նաև՝ Դինքի թուրք և քուրդ ջատագովներից։

— Արձակման լուրի հրապարակումով ընդդիմադիր հեռուստաընկերությունների (որոնք մեկ ձեռքի մատներից ավելի չեն) օրակարգը իսկույն դուրս եկավ իր բնականոն հունից, և քննարկվող գլխավոր նյութը դարձավ ոճրագործի ազատ արձակումը: Հաջորդ օր նույն լրատվամիջոցները իրենց էկրաններին կամ սյունակներում քննարկեցին նույն խնդիրը: Կապ հաստատեցին «Ակօս»-ի խմբագրապետ Եդուարդ Տանձիկեանի, հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էսդուգեանի և նախկին պատգամավոր Կարօ Փայլանի հետ՝ պահանջելով նրանց գնահատականը այս մասին:

— Դինքին սպանողը՝ Սամասթը, «լավ վարքագծի» հիմնավորմամբ 16 տարի և 10 ամիս բանտարկության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել։ Ռաքել Դինքն իր ելույթներից մեկում ընդգծել է՝ «Մի երեխայի մարդասպան դարձնող խավարը դեռ շարունակվում է»։ Մի՞ թե Թուրքիայում հային սպանող մարդասպանին էլ «հերոսացնել» են շտապում, ինչպես Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին։

— Այս նմանությունը ինքս քանի անգամ հիշեցի հեռուստաընկերությունների հետ զրուցելու ժամանակ: Սոցցանցերի մեջ էլ կան նման ակնարկներ: Ոմանք չեն բացառում, որ նա հաջորդ ընտրություններին ներկայանա իբրև պատգամավորի թեկնածու:

 

 

 

«Հայկական ժամանակ»-ի թղթակից Լիլիթ Պողոսյանը Թուրքիայում գտնվող Դինքի գերեզման մոտ:

— Դինքի սպանությունից հետո հայ-թուրքական երկխոսություն և բարեկամություն սկսվեց, ինչը Ցեղասպանությունից հետո տարիներ շարունակ չկար։ Դինքի սպանության նման դատավճռից հետո ի՞նչ նոր էջ է բացվում հայ և թուրք ժողովուրդների համար՝ մանավանդ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների այժմյան պատկերը աչքի առաջ ունենալով՝ Հայաստանի դեմ կանգնած Ադրբեջան և նրան անվերջ սատարող Թուրքիա։

— Նշեմ, որ բոլորովին տարբեր բնույթի են «Հայ-թրքական» և «Հայաստան-Թուրքիա» սահմանումները: Դինքի սպանությունից հետո հասարակ ժողովրդի որոշ հատվածն է, որ կլսի խղճի ձայնին, մերժում է իշխանությունների հրահրած թշնամանքը: Իսկ պետական հայատյաց գաղափարախոսությունը կմնա անփոփոխ և մարդկանց համոզմունքների վրա ազդելու համար ավելի լայն լծակներ ունի:

Հ.Գ. Թուրքիայում Դինքը օտարարական չէր: Իբրև այդ երկրի քաղաքացի՝ նա հավատով պայքարեց առաջադեմ և ժողովրդավար Թուրքիա տեսնելու համար: Երբ ազգայնական շրջանակների կողմից նրան սպառնում էին, շատերը Դինքին հորդորում էին հեռանալ Թուրքիայից և վերադառնալ հայրենիք՝ Հայաստան, մինչդեռ նա վրդովմունքով հիշեցնում էր, որ հենց ինքն է գտնվում իրական հայրենիքում: «Սա իմ երկիրն է»,- ասում էր՝ ավելացնելով. «Այո՛, մենք՝ հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են: Սակայն մի՛ անհանգստացեք՝ ոչ թե այս հողերը վերցնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար»:

Դինքն աղավնու անմեղությամբ հավատաց, որ այդ երկրում աղավնիներին չեն սպանում։ Թուրք դավադիր Օգյուն Սամասթի ձեռքով թիկունքից երեք կրակոցով սպանվեց իբրև «գյավուր» (կրակոց արձակելուց առաջ մարդասպանը միայն բղավեց՝ «գյավուր»՝ վկայելով, որ սպանությունն իրականացվեց թշնամանքի հողի վրա)։

Վերջին հոդվածում Դինքը գրել էր, որ իր հոգեվիճակը վախվորած աղավնու է նման, իսկ «աղավնիներին չեն սպանում»: Թուրքիայի սպիտակ աղավնին հավատում էր, որ իրեն չեն սպանի: Ցավոք, 2007-ի հունվարի 19-ին աղավնին սպանվեց, իսկ աղավնուն սպանողը 2023-ի նոյեմբերի 15-ին ազատ արձակվեց… Մարդասպանը մի երեխա էր՝ ­17 տարեկան անչափահաս, ով օրենքի առաջ այլևս կրել է իր «պատիժը» ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ