ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը: Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հերթական դեպքը:

«Այսպես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ.-ն., հանդիսանալով իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա.-ի անվամբ իրականացրել է կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: Նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: Այս կերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի ֆիզիկական անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկում խեղաթյուրված տվյալներ մտցվեն, և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով չվճարվեն առանձնապես խոշոր չափերի հարկեր:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ հիշյալ անձինք, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» և ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, կանխիկ եղանակով և արտարժույթով ստանում են բնակարանների գնման կանխավճարները։

Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման նպատակով իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար 200 հազար ԱՄՆ դոլար կանխավճար` հետագայում բնակարանի ամբողջ գումարը վճարելու ժամանակ վաճառքի գործարքը որպես բաժնային սեփականության օտարման գործարք կնքելու նպատակով։

Սույն թվականի նոյեմբերի 13-ին համապատասխան հասցեում գտնվող բնակարանի գնման նպատակով՝ կանխիկ եղանակով և արտարժույթով գումարը ենթադրյալ գնորդի կողմից վճարելուց հետո՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն են տեղափոխվել քաղաքացիներ Ա․Հ․-ն և Ն․Ա․-ն: Վերջիններս ենթարկվել են անձնական խուզարկության։

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ հանցանքի դեպք՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն` ներկայացնելով նաև կազմված փաստաթղթերը: Այնտեղ են տեղափոխվել նաև ձերբակալված անձինք:

Հիշյալ հանցանքի բացահայտումից ժամեր անց, կառուցապատող Ն․Ա.-ի անվամբ հարկային մարմին է ներկայացվել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ՝ առաջացնելով շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ և վճարելով շուրջ 250 միլիոն ՀՀ դրամ գումար։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողներին և գնորդներին հորդորում է անշարժ գույքերի գնման ժամանակ պայմանագրերում բացառապես նշել իրական արժեքները, իսկ վճարման ենթակա գումարներն ստանալ ՀՀ դրամով և անկանխիկ եղանակով: ՊԵԿ-ը բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ամբողջ գործիքակազմը»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ