Ընտանիքի վերածնունդն անուն ունի՝ Աստղիկ. Գյումրիում ծնվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 25-ամյա Անգելինայի 4-րդ երեխան

«Մենք էս շորերը վաղուց էինք առել, ամեն ինչ կար, օրորոցն էլ էր նոր, բայց հետներս միայն հագուստները կարողացանք վերցնել, ու մի կերպ հասանք Հայաստան»:

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդատան իր սենյակում նորածնի հագուստներն ուղղելով պատմում է ԼՂ-ից բռնի տեղահանված Անգելինան:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, 3 կգ քաշով առողջ երեխա է, շրջափակման դժվարություններն ու բռնի տեղահանման սթրեսից չի տուժել: Փոխարենն Անգելինան դեռ չի կարողանում, բայց ցանկանում է մոռանալ կրած զրկանքները, վախն ու Լեռնային Ղարաբաղից Հայաստան հասնելու ճանապարհի տեսարանները:

25 տարեկան է, իրեն ու լույս աշխարհ եկած աղջնակին տանը ամուսինն ու 3 երեխաներն են սպասում: Հաստատվել են Գյումրիում, ապրում են վարձակալված բնակարանում:

Անգելինայի բարեկամուհին պատմեց, որ այս պահին աշխատանք չունեցող ընտանիքի համար 140 հազար դրամ տան վարձ վճարելը ծայրահեղ դժվար է: Ընտանիքի համար, սակայն խնդիրները միայն կեցության պայմաններով և կենցաղային անլուծելի հարցերով չեն սահմանափակվում: Անգելինայի ավագ որդին ոսկորների աճի հետ կապված եզակի գենետիկ հիվանդություն ունի:

«Իրենց Արցախում ասել էին, որ երեխային Երևան բերեն բուժման, բայց քանի որ ֆինանսապես այդքան էլ լավ չէին ապրում, չկարողացան բերել, պետությունն էլ էդքան գումարը չէր վճարի հաստատ, որ օներ իրենց: Հիմա արդեն չգիեմ, ինչ են անելու, միայն լսել եմ, որ ինչ-որ բժիշկների են ուղարկել երեխայի հիվանդության փաստաթղթերը»,- ասաց ընտանիքի բարեկամուհին:

Անգելինան էլ արյան հետ կապված որոշակի բուժման կարիք ունի: Այս ամենի համար և ֆինանսական և մասնագիտական աջակցություն է պետք:

Լույս աշխարհ եկած աղջնակը եղբայրներից Մարկին է նման: Անունն Աստղիկ են դրել:

«Մենք գիտեինք, որ աղջիկ ենք ունենալու, բայց անունը չէինք որոշել, հետո էլ ժամանակ ու դրա տրամադրությունն էլ չկար: Որ երեխան արդեն ծնվել էր, մեկ էլ ամուսինս եկավ, ասեց անունն Աստղիկ եմ դրել: Զարմացա, ինձ համար անակնկալ էր»,- ժպտում է Անգելինան:

Ինչպես շատերի, այնպես էլ այս ընտանիքի կողքին կանգնած Գյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը մեզ հետ զույցում ասաց՝ ընտանիքն ամեն ինչի կարիք ունի: Երեխաներից 2-ն արդեն հաճախում են Գյումրու թիվ 10 դպրոց, աղջիկը 3 տարեկան է՝ մանկապարտեզահասակ:

Եդիգարյանն ասում է, այդ հարցն էլ կկարգավորի: Այս պահին Անգելինայի ամուսնու՝ Արթուրի համար է անհրաժեշտ աշխատանք գտնել, որպեսզի կարողանան ապրուստի միջոց ունենալ:

Քանի դեռ փոքրիկը տուն չի գնացել՝ նվերները չեն ուշանում: Այս ծննադունն անխախտ ավանդույթ ունի, ծաղիկներ՝ բոլոր մայրիկներին, նվերներ փոքրիկներին, հետո նոր՝ բարի ճանապարհ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ