Հայ սամբիստների արդյունքներն աննախադեպ էին. Կարեն Գիլոյանն ամփոփել է առաջնությունը

Աշխարհի ավելի քան 70 երկրի 650 սամբիստ 3 օր շարունակ Երևանում պայքարել է աշխարհի առաջնության բաղձալի մեդալների համար:

Կանանց և տղամարդկանց մարզական սամբոյի, և տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչներ է ունեցել բոլոր քաշային կարգերում և արդյունքում կարողացել է 10 մեդալ նվաճել՝ 5 արծաթե և 5 բրոնզե:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ հայ մարզիկների մրցելույթներն աննախադեպ են եղել:

«Շնորհավորում եմ բոլորիս. սա իսկապես շատ լավ արդյունք է. ավելին է, քան երբևէ եղել է: Հայաստանի սամբոյի մեծահասակաների հավաքականն աշխարհի առաջնություններում երբևէ այսքան մեդալ չէր նվաճել: Ցավոք, ոսկե մեդալ չունեցանք. ոմանց խանգարեց հուզմունքը, ոմանք շատ ավելին էին ցանկանում անել, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է աշխատել հաջորդ առաջնությունում ոսկե մեդալներ ունենալու համար»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ մարզական խոշոր միջոցառումների անցկացման առումով Հայաստանը բարձր նշաձող է սահմանել. «3 օր շարունակ աշխարհի սամբիստների մայրաքաղաքը Երևանն էր: Կազմակերպչական առումով կարող եմ ասել, որ մրցաշարը բարձրակարգ էր։ Դրա վառ վկայությունը մասնակից երկրների ներկայացուցիչների շնորհակալական խոսքերն էին. շատերն ասում էին, որ սա լավագույն առաջնությունն էր, որին իրենք մասնակցում էին: Կարող ենք փաստել, որ մենք ի զորու ենք անցկացնել բարձր կարգի մրցումներ»:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գնահատմամբ՝ մեծահասակների աշխարհի առաջնությունում 10 մեդալ նվաճելը գերազանց արդյունք է:

«Ճիշտ է, ոսկե մեդալ չկարողացանք նվաճել, բայց սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի մեծահասակների հավաքականը 10 մեդալ է նվաճում աշխարհի առաջնությունում: Հավատացնում եմ՝ սա գերազանց արդյունք է մեզ համար: Ոսկե մեդալին շատ մոտ էինք: Կարծում եմ՝ տղաներին մի քիչ չհերիքեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նաև կաշկանդում էր այն հանգամանքը, որ տանն են հանդես գալիս: Պատասխանատվությունը մեծ էր, լարվածություն կար: Կարծում եմ՝ մյուս տարի մեր երիտասարդները կարդարացնեն բոլորիս սպասելիքները: Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականը երբեք մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչներում 5 մասնակից չէր ունեցել. սա աննախադեպ էր»,- նշել է գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):

Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Վովիկ Խոջայանի, Հայկ Ավետիսյանի և Էռնեստ Միրզոյանի ղեկավարությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ