Երևանում մեքենաների նկատմամբ կկիրառվեն սահմանափակումներ, առաքումը կիրականացվի ուշ ժամերի. սպասվում են փոփոխություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը վստահեցնում է՝ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Երևան կհասնի 30 նոր ավտոբուս, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարվել 8 և 6 մետրանոց ևս 171 հատ ավտոբուս ձեռք բերելու համար: Նրա խոսքով՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, նույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին էլ Երևանում կլինի այդ խմբաքանակը:

«Այս ավտոբուսներն արդեն տեսանելի արդյունք ցույց կտան, թեև հարցն ամբողջությամբ չի կարգավորվի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Հարցադրմանը՝ մայրաքաղաքի տրանսպորտային պարկը ամբողջությամբ համալրելու համար որքա՞ն ավտոբուս է հարկավոր, վերջինս նկատում է. «Եվս 250 ավտոբուս է պետք, որպեսզի ամբողջությամբ պահանջվող շարժակազմը ունենանք, որոնք կլինեն 18 մետր երկարությամբ ավտոբուսներ: Դիտարկվում է նաև էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու տարբերակը, ներկայումս բանակցություններ են տարվում նշված՝ 250 ավտոբուսների մասով: Ցանկացած նոր ձեռք բերվող ավտոբուս համապատասխանում է թե՛ ԵԱՏՄ, թե՛ Եվրամիության բոլոր չափորոշիչներին»:

Վազգեն Հարությունյանի նկատառմամբ՝ հասարակական տրանսպորտի կարգավորման համար ավտոբուսային գծերի կարգավորումը ևս անխուսափելի է:

«Իհարկե, դա բերում է բողոք մասնավոր ավտոմեքենաների մասով, բայց մեր մոտեցումը հետևյալն է՝ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, իսկ մասնավոր ավտոմեքենաները պետք է դառնան ոչ գրավիչ: Նեկայումս Հերացի փողոցն է կահավորվել ավտոբուսային առանձնացված գծերի մասով, և սա շարունակական է լինելու ու տեսանելի բոլոր վարչական շրջաններում: Լինելու են միասնական գծեր, որոնք վարչական շրջանները կապելու են իրար»,- մանրամասնում է նա:

Այս համատեքստում Հարությունյանը նկատում է՝ հասարակական տրանսպորտից օրական օգտվում է 630 հազար մարդ, և խնդիրը հետևյալն է՝ մեկ տրանսպորտային միջոցը, որը տեղափոխում է 60 ուղևոր, պետք է առավելություն ունենա այլ տրանսպորտայի միջոցների նկատմամբ, որը տեղափոխում է 1 կամ 2 ուղևոր:

«Մեր որդեգրած քաղաքականությունը միտված է նրան, որ մասնավոր մեքենաների նկատմամբ կիրառվեն սահմանափակումներ, որպեսզի դրանց աճը կրճատվի: Տրամաբանությունը հետևյալում է, որ եթե դու ցանկանում ես ուղևորվել քո սեփական մեքենայով, պետք է հասկանաս, որ ուղևորությունը տևելու է ավելի երկար, քան եթե օգտվես հասարակական տրանսպորտից»,- ասում է զրուցակիցը:

Քաղաքային իշխանության ներկայացուցիչը նկատում է՝ մշակվել է Կենտրոնի բեռնաթափման գործողությունների ծրագիր, որը մինչև տարեվերջ փուլային եղանակով կիրականացվի: Նրա հավաստմամբ՝ այս ծրագիրը լինելու է շարունակական:

«Երևան քաղաքի Փոքր կենտրոնում սահմանափակվելու է բեռնատարների մուտքը, այսինքն՝ առավոտյան և երեկոյան պիկ ժամերին բեռնատարները տվյալ հատվածով չեն երթևեկի: Պետք է ժամային գրաֆիկի փոփոխություններ կատարվեն տվյալ բեռնատարների, և դրանք շահագործվեն միայն թույլատրելի ժամերին: Իսկ եթե խոսքը առաքիչների մասին է, ապա մթերային խանութները մինչև ուշ երեկո բաց են, և առաքման մասնագետները պետք է առաքումն իրականացնեն տվյալ ժամերին: Միաժամանակ դիտարկվում է վճարովի ավտոկայանատեղիների նկատմամբ այլ մոտեցում կիրառելու տարբերակը, որպեսզի քաղաքացին Փոքր կենտրոն անձնական ավտոմեքենայով իջնելուց մտածի, որ գործելու են սահմանափակումներ և դիտարկի որպես ուղևորության միջոց հանրային տրանսպորտը»,- ընդգծում է Հարությունյանը:

Անդրադառնալով լուսացույցներին՝ զրուցակիցն ասում է՝ այս մասով ևս այժմ իրականացվում է երկու մոտեցում՝ կարճաժամկետ տեղային լուծումներ և երկարաժամկետ՝ ամբողջական լուծման մասով. «Երկարաժամկետում նոր համակարգ ենք ներդնելու, որը ենթադրում է հեռակառավարվող լուսացույց: Օրվա տարբեր ժամերին լուսացույցը տարբեր ռեժիմներով կկարգավորվի, և դա կբերի նրան, որ պիկ ժամերին երթևեկության համար կգործի այլ ռեժիմ, ոչ պիկ ժամերին՝ այլ, որն ինքնին կբերի հոսքերի ճիշտ կառավարմանը, ինչն էլ կնպաստի խցանումների նվազմանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ