Իրանի նախագահը շնորհավորել է Ալիևին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի կայքը, հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ յուրաքանչյուր հանդիպումից հետո նախագահները շատ լուրջ խթան են հաղորդում երկու երկրների հարաբերությունների վստահ զարգացմանը։

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Ռաիսիին Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ շնորհավորանքների համար՝ ընդգծելով հնարավորությունների ստեղծումը ոչ միայն Ադրբեջանի ավելի ակտիվ զարգացման, այլ նաև բարենպաստ միջավայր ողջ տարածաշրջանում։

Նախագահները հետաքրքրություն են հայտնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու հարցում։

Ռաիսին իր հերթին նշել է տրանսպորտային ոլորտում երկրների փոխգործակցության ինտենսիվ զարգացումը։

«Ինչպես նկատում ենք, տրանսպորտային և տարանցիկ վիճակն օրեցօր բարելավվում է։ Մեր երկրների միջև տրանսպորտի ոլորտում աշխատանքը մեծանում է: Սա այն է, ինչին ձգտում էինք և՛ դուք, և՛ մենք։ Արազ գետով անցնող Ագբանդ երթուղին և այն նախագծերը, որոնք մենք իրականացնում ենք այնտեղ՝ միմյանց հետ համաձայնեցնելով, համապատասխանում են երկու երկրների շահերին։ Սա երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը և վերացնում այն մտահոգությունները, որոնք առկա էին այս ոլորտում»,- ընդգծել է Իրանի նախագահը։

Բացի այդ, Ռաիսին հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը՝ աջակցելու Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուր»-ի վերականգնմանը։

Հանդիպմանը քննարկվել են Արազ գետի վրայով Աղբանդ ուղղությամբ երկաթուղային և ճանապարհային կամուրջների կառուցման և Իրանի տարածքով միջանցքի կառուցման հետ կապված հարցեր։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի երկայնքով Ադրբեջանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքի թողունակության մեծացման և Ռաշտ-Աստարա երկաթուղու հետ համաժամանակյա շինարարության իրականացման շուրջ»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, նշել «3+3» ձևաչափի կարևորությունը, անդրադարձել միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ