Հայրիկի «անկեղծ անակնկալը» ստացվեց

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 ամսով կալանավորված Լևոն Քոչարյանը քիչ առաջ դուրս եկավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից և լրագրողի հարցին, թե պատգամավորական մանդատը վերցրել է բանտից դուրս գալո՞ւ համար, միամիտ դեմքով պատասխանեց․ «Ես հիմա չեմ ուզում խոսել մանդատից։ Էս ամեն ինչը իմ համար անկեղծ անակնկալ էր։ Հիմա կարևորը, որ ես դրսում եմ, մնացածի մասին հետո առիթ կլինի, կխոսենք»։

Իրոք, ինչպիսի անկարևոր մանրուք, թե ում քաղաքական կարիերայի վրայով քայլելով է Լևոն Քոչարյանը դուրս գալիս բանտից։ Խմբակցությունը հոր կապիտալով ստեղծված քաղաքական ունեցվածք է։ Այնպես որ՝ մի քանի թեկնածու այս կողմ, մի քանի թեկնածու այն կողմ, Քոչարյանի համար բան չի փոխվում։ Հատկապես, որ մանդատից հրաժարված թեկնածուներն էլ առանձնապես չեն ցավում իրենց առաքելությունը չկատարելու համար։

Այլ հարց է, թե արդյոք «Հայաստան» դաշինքի ընտրողները այդ դաշինքին ձայն էին տվել՝ այն Քոչարյանի ընտանիքի անձնական խնդիրներին ծառայեցնելո՞ւ համար։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը 3-4 թեկնածու է «զոհաբերել» հանուն որդու ազատության և անակնկալ է մատուցել նրան։

Ու, պատկերացրեք, անակնկալը ստացվել է։ Լևոն Քոչարյանն անակնկալ դարձել է պատգամավոր ու անակնկալ ազատ է արձակվել բանտից։

Ի դեպ, կրտսեր Քոչարյանը ՔԿՀ-ի դիմաց ասաց, թե մխիթարվել է այն մտքով, որ ինքը մենակ չէ, էլի իր նման հանիրավի բանտարկվածներ կան։

Այս առթիվ հիշեցինք նույն պայքարի անխոնջ մարտիկ, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի դեպքը, որի պարագայում ՀՅԴ-ն ու Քոչարյանը հրաժարվեցին պահանջվող 60 մլն դրամ գրավը մուծել, և նա ամիսներ անցկացրեց բանտում։

Ինչպես ասում են՝ բոլոր պայքարողները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են։

Մ․Խ․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ