«Եթե դու սպասել գիտես, ու գիտես, թե ում…». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է սպասման մասին։

Իր Ինստագրամյան էջում  հրապարկված լուսանկարում նա պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Իսկ լուսանկարին կից կատարել էր հետևյալ գրառումը․

«Սպասումն ասես մեծ խճանկարից մոլորակ լինի. ծվեն-ծվեն ես լինում րոպեների ու վայրկյանների մեջ, ու պատկերդ խախտվում է: Ամեն րոպեն սրտիցդ ու կյանքիցդ է պոկում-տանում, ու էդպես մասնատվում` մնում ես: Սպասումն անմարդկային բան է: Երեւի ամենավատ անեծքն էդպես էլ կհնչեր. «հավերժ սպասումի մեջ լինես»: Չնայած, մեկի համար անեծք, մյուսի համար գուցե օրհնությու՞ն: Սպասումի մեջ էնքան իմաստ կա ախր…

Սպասումն ու կյանքն ատում են իրար. մեկն անթարթ կանգնած է, որ հասցնի, մյուսն արագ, գժի պես վազում է, պտտվում, որ հանկարծ չհասցնես…, որ հոգնես… էլ չսպասես… Սպասումն անողոք է. կամ դու, կամ` նա քեզ կոչնչացնի: Սպասումի մեջ ապրող մարդիկ տարբեր են, հաճախ` անհասկանալի:  Կողքից` գուցե եւ անիմաստ:  Բայց սպասումի մեջ անգամ երջանկությունը գտնողը տեղով մեկ սեր է: Անեծքն օրհնության վերածողը՝ ուժեղ:

Իսկ սպասումի լաբիրինթից իր Սիրո հետ դուրս եկողը` Ցորենի հասկի նման: Որքան բաժանես ու շաղ տաս իր մասնիկները, էնքան կշատանա, սեր ու հաց կտա, ու քամիների մեջ կտեսնես ոսկեգույն հասկերը: Սպասումին անթարթ նայողի աչքերն ունեն ցորենի հասկերի գույնը… Սպասումի….Ամեն մանիկը մի մոլորակ է, եթե դու սպասել գիտես, ու գիտես, թե ՈՒՄ…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ