Տեսնես ե՞րբ ենք կարողանալու ասել՝ արդարադատությունը հաղթեց և Հայաստանի ներսի ու դրսի թշնամիները բացահայտվեցին.Ա. Բախշյան

Անահիտ Բախշյանը գրում է.

24 տարի առաջ այս օրը Հայաստանի Ազգային խորհրդարանում գնդակահարվեց Հայաստանի Հանրապետությունը:

Տեսնես ե՞րբ ենք կարողանալու ասել՝ արդարադատությունը հաղթեց և Հայաստանի ներսի ու դրսի թշնամիները բացահայտվեցին, որից հետո մենք կվերականգնենք մեր ազգային արժանապատվությունը:

Հիշեցնենք այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին Կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց, 91 մարդ էլ պատանդ էր վերցվել:

Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և Կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների՝ զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր, ըստ պաշտոնական վարկածի, Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Նաիրի Հունանյանը շարունակում է կրել պատիժը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ