Կառավարությունն Արցախից տեղահանված անձանց փախստական ճանաչեց. ի՞նչ հնարավորություններ է տալիս որոշումը

Կառավարությունը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին որոշումը։

Նշվում է՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարավոր՝ ազգությամբ հայ բնակիչներ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և նկատի ունենալով նրանց իրավունքների և օրիանական շահերի պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, առաջարկվում է.

Ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել և փախստական ճանաչել`

1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը,

3) այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Ծառայության կողմից։

Նախագծով առաջարկվում է նաև հաստատել ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշակի մեծ խումբ անձանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ՝ նրանց իրավունքների և օրիանական շահերի պաշտպանության նպատակով, և ովքեր համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի կճանաչվեն փախստական՝ ձեռք բերելով փախստականների համար «Փախստական և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ