Մարտի 1 արած, երկիրը թալանած ու սեփականաշնորհած մարդիկ ինչի՞ նստած չեն. Ալեն Սիմոնյանը՝ ԲԴԽ նախագահին, դատավորներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ հերթական նիստում ելույթ ունենալիս նախ նշեց, որ իսկապես դատավոր լինելը դժվար բան է, որովհետև նրա վճռից մշտապես մի կողմը միշտ դժգոհ է լինում. «Էն դատավորը, որը էս կողմի համար է լավ որոշում կայացրել, լավն է, և այլն»:

Ի պատասխան Գեղամ Մանուկյանի ելույթի, թե Մամիկոն Ասլանյանը նստած է միայն այն բանի համար, որ չի հրաժարվել քաղաքապետի պաշտոնից, ԱԺ նախագահն ասաց. «Մեկն էլ կողքից կլսի, կմտածի, թե Մամիկոն Ասլանյանը իշխանության ամենամեծ, ամենավախենալու բանն էր: Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ. ինչի՞ նստած չեն այն մարդիկ, ովքեր վաղուց պիտի նստած լինեին, ինչի՞ են մարդկանց բռնել տանելուց մի քանի ժամ հետո բաց թողնում»:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Միմասյանի ելույթում հնչած մանիպուլյացիաներին՝ Ալեն Սիմոնյանը հարց բարձրացրեց. «Դատարանի դահլիճում մահացած մարդը դատական գործունեության պատճառո՞վ է մահացել, որ դրա մասին եք խոսում»:

Ինչ վերաբերում է Ագնեսա Խամոյանի ելույթին, թե սեպտեմբերի 19-ին վրդովված մարդկանց են բերման ենթարկել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Էդ էն քֆուրներով փողոցում վազվզող, մեքենա ջարդող տղաների մասի՞ն եք ասում. իրենց պետք էր տապալել պոլին, ինչը որ արվեց, և այո, ուղարկել այնտեղ, ոևրտեղ որ լինում են Երևանում խուլիգանություն արած մարդիկ»:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց նաև Հաց բերողի մահը, որին 11 կամ 12 հիվանդությամբ էնքան նստեցրին, մինչև որ մահացավ. «Հարգարժան լրագրող Գեղամ Մանուկյանը ինչի՞ չգնաց էդ օրվա իշխանություններին ասեր՝ էս ի՞նչ եք անում:

Դիմելով ԲԴԽ նախագահին, դատավորներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Ձեր արդարադատությունը շատերին ձեռք չի տալիս, որովհետև էն մարդիկ, ովքեր Մարտի 1 են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, ովքեր թալանել ու սեկանաշնորհել են էս երկիրը, ինչի՞ նստած չեն. իմ հարցը դա է»:

Նա վերջում ավելացրեց, որ միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ