2018-ին զանգեց Անդրանիկ Թևանյանը, ասաց, որ շտապ բան ունի փոխանցելու վարչապետին. Արսեն Խառատյանը կիսվել է դիպվածով

«Ռուսական մամուլում Նիկոլ Փաշինյանին նվիրված հաղորդման մասին ֆեյսբուքյան հայկական տարածքն իր ասելիքն ասել է:

Լուրջ դեմքերով շառլատանների այս խրախճանքի մանրամասների մասին խոսելն անպտուղ գործ եմ համարում, սակայն դրան մասնակցած եւ իրեն քաղաքական գործիչ համարող Անդրանիկ Թևանյանի ստորաքարշ պահվածքը ստիպեց մի դիպվածով կիսվել»:

Այս մասին «Ֆեյսբուք»ի իր էջում գրել է լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը: Նրա գրառումն առանց խմբարման ներկայացնում ենք ստորև.

«2018-ի հետհեղափոխական օրերն էին, ես արդեն նշանակվել էի Նիկոլի խորհրդական: Ուշ գիշեր էր: Զանգեց Անդրանիկ Թեւանյանը, որին մինչ այդ անձամբ չէի ճանաչում: Ասաց, որ շտապ բան ունի փոխանցելու վարչապետին և ուզում է ինձ տեսնել: Ասացի, որ կարող է գալ իմ տուն: Կես ժամ անց եկավ՝ իր հետ բերելով մի փակ ծրար, ուշադրություն՝ Սամվել Բաբայանի անունից: Ընդ որում, Թևանյանի պնդմամբ, անվտանգային կարևորության նյութերով այս փաթեթը պետք էր գերհրատապ կերպով փոխանցել վարչապետին, ինչը եւ ես արեցի հաջորդ օրը:

Այս պատմությունը կարող էի ընդհանրապես չհիշել, քանի որ այդ շրջանում հարյուրավոր նման դեպքեր էին լինում: Բայց, երբ մարդը ռուսական ալիքներով Նիկոլին արևմուտքի ագենտ, իսկ հեղափոխությունը արևմտյան պրոյեկտ է հռչակում, առնվազն պետք է բացատրի, թե այդ ինչպե՞ս էր իր պնդմամբ արևմտյան ագենտներին վստահում Հայաստանի անվտանգությանը վերաբերվող նյութեր, դեռ ավելին, Ռուսաստանի կողմից անցանկալի անձ համարվող Սամվել Բաբայանի համար էլ փոստատարություն անում:

Ի դեպ, Անդրանիկ Թևանյանի հետ սա մեր միակ շփումը չի եղել: Եթե շարունակի ռուսական գործիքի անփառունակ գործառույթը, նրա հիշողությունը կթարմացնեմ նաև այդ նույն ժամանակաշրջանում Վրաստանի հետ կապված մեր երկրորդ հանդիպման էպիզոդով:

Առայժմ այսքանը»:

Նշենք, որ Ռուսաստանի պետական 1-ին ալիքով երեկ հաղորդում էր պատրաստվել Հայաստանի, ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների ու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ, որն ակնհայտ հակահայկական քարոզչություն էր:

Հաղորդմանը մասնակցել և հակաիշխանական կարծիքներ էր հայտնել նաև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ինչը բուռն քննարկումնեի ու քննադատությունների պատճառ է դարձել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ