Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս. Վագիֆ Խաչատրյանը հակադարձել է «տուժողին»

Ադրբեջանցի Ալիշ Ալիշովը, որին Բաքուն ներկայացնում է իբր արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով տուժողներից մեկը, այսօր դատարանում ցուցմունք է տվել։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա պատմել է, որ իբր Մեշալի գյուղի վրա հարձակվել են մոտ հազար հայեր։

«Երբ մեր հարևանին կացնահարեցին, նա այնտեղ էր։ Կացնով հարվածել են Հանիմատի գլխին, ապա կրակել։ Վագիֆն ու եղբայրն այնտեղ էին, որքան էլ նա հերքի»,-ասել է «տուժողը»։
«Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս»,-արձագանքել է Վագիֆ Խաչատրյանը։

Ավելի ուշ մեղադրող դատախազը Վագիֆ Խաչատրյանին հարց է ուղղել, թե ինչն է գյուղի ադրբեջանցիների ու հայերի մեջ թշնամություն հրահրել։ Խաչատրյանն ասել է, որ Մեշալ գյուղում երկու ժողովուրդների ներկայացուցիչներն ապրել են հաշտ, ադրբեջանցիները մասնակցել են հայերի հարսանիքներին ու հակառակը։

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ