Օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը. օրենքի նախագիծ

ԱԺ-ն քննարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հիշեցրեց՝ հարցն արդեն անցել է մեկ ընթերցում և կատարվել է մեկ ավելացում՝ «պաշտոնաթող վարչապետ» բառն ավելացնելու հետ կապված:

Ի հավելումն՝ հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հայտնեց՝ հանձնաժողովը երկրորդ ընթերցմանն ընդառաջ մեկ փոփոխություն է ավելացրել արդեն իսկ հավանության արժանացած փոփոխություններին, այն է՝ օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը և այն ընդգծմամբ, որ այս կարգավորումը վերաբերում է միայն 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետներին:

«Խնդրում եմ կողմ քվեարկել, քանի որ հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել նախագիծը: Որպեսզի տարընթերցում չառաջանա, գործող կարգավորումը ենթադրում է, որ հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտոնաթող հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից, այսինքն՝ գործող կարգավորմամբ թե՛ պաշտոնաթող նախագահը, թե՛ նրան ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել: Հայաստանը նախագահական համակարգից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և այս տրամաբանությունից է բխում այս փոփոխությունը»,- ասաց Կարապետյանը:

Նա հիշեցրեց՝ այս փոփոխությունների մի փուլը տեղի է ունեցել դեռևս 2018-ին՝ այդ անցման ժամանակ, և այդ բացը հիմա լրացվում է:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել էր ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

Նշված օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կկարողանան օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:

«Հաշվի առնելով 2018 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքներով վարչապետի լիազորությունների լայն շրջանակը՝ առաջարկում ենք օրենքի 1-ին մասի դրույթը տարածել նաև 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերի վրա»,- ասել էր ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ