Նա զանգվածային անկարգություններ է հրահրում, այս ամենը պետք է դաժան ձևով կասեցվի. Մեհրաբյանը՝ Շահրամանյանի մասին

«Նրա հայտարարությունները խոսում են անհաջող սուտասանության մասին, որը որևէ մեկին էլ չի տպավորում, քանի որ ամեն ինչ մակերեսին է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյանի՝ օրերս Երևանում՝ Արցախի ներկայացուցչության մոտ, արված մի շարք հայտարարություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը լուծարված չլինելուն:

«Ի վերջո, եթե նման բան չի ստորագրվել, բա այդ ինչպե՞ս է, որ բոլորին աշխատանքից ազատում են, բացառությամբ իրենց այն ցուցակի, ովքեր չեն ազատվում: Սա անլուրջ խոսակցություն է: Ես կարծում եմ, որ Շահրամանյանը ոչ թե պետք է մամուլի համար հայտարարություններ անի, այլ քննիչներին ցուցմունքներ տա՝ հասարակությունից մեկուսացված վիճակում, որովհետև նրա հրապարակային գործունեությունը զանգվածային անկարգություններ է հրահրում և մարդկանց նյարդայնացնում, մարդիկ էլ գնում ընկնում են Ոստիկանության ձեռքը: Ի վերջո, ՀՀ-ի ներսում չի կարող ինչ-որ մեկը գալ և իշխանական լիազորություններ իրականացնել, այդ ամեն ինչը պետք է ամենադաժան ձևով կասեցվի»,- ընդգծում է Մեհրաբյանը:

Խոսելով Շահրամանյանի վարքագծի, արցախցու հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին՝ Մեհրաբյանը ասում է՝ դա «լակոտի» պահվածք է. «Ընդ որում՝ վատ դաստիարակված լակոտի, որ ընդհանրապես չի հասկանում՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում, ինչ պայմաններում է խոսում և, ժողովրդական լեզվով ասած, խոսելու տեղ ունի՞, թե՞ ոչ: Դա ընդամենը իր դաստիարակության, ինտելեկտի մասին է վկայում, չնայած առանց այն էլ մեծ կարծիք չկար: Ի վերջո, եթե ասելիք կա, ասա, ինչ է նշանակում՝ ստեղով ուզում եմ ասել, ընդեղով չեմ ուզում ասել, էն մի տեղով չեմ կարող ասել, տենց չի լինում, կա՛մ ասելիք ունես, ասում ես, կա՛մ էլ ասելիք չունես ու կրկես ես բացել»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ Շահրամանյանն ընդամենը պետության ու պետական համապատասխան մարմինների անգործության պայմաններում իրեն չափից ավել ազատ է սկսել զգալ:

«Սրանով պետությունը պետք է զբաղվի: Նա անելիք չունի, իր վատ դաստիարակված շրջապատն էլ՝ հետը: Նրա մասին բովանդակային որևէ քննարկում ուղղակի ժամանակի կորուստ է, այդ խոսակցությունը ռուսական 3 կոպեկ էլ չարժե, որովհետև, եթե այդքան բանը հասկանում էիր, չգնայիր պետական հեղաշրջում անեիր, չանեիր, բա այդ ժամանակ չէի՞ր մտածում արցախցիների չզոհվելու, սոված մանուկների մասին, թե՞ լափամանի հետ բերելու շարժառիթներն ավելի առաջնահերթ էին: Եվ հաջորդը՝ էդ շնորհավորանքները, որ ստանում էիր ՀՀ-ում՝ դեռ մինչև վերջ չլիկվիդացված «5-րդ շարասյան» պարագլուխներից, բա՞ այդ ժամանակ մտածում էիր արցախցիների կոտորվել-չկոտորվելու մասին: Սամվել Բաբայանն ասում էր՝ իրեն ասել են՝ եթե գնացիր ընտրությունների, գրոհ է լինելու, բա այդ ժամանակ մտածեիր»,- հարցադրումներ է հնչեցնում նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ