Հայաստանը կարևոր նշանակություն ունի Իրանի համար, մեր հարևանն է և կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում։ Երկու երկրները կոնսենսուս ունեն այս միջանցքի մասով:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը ոչ միայն համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ, այլև դեմ է:
«Մենք դեմ ենք դրան, Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս ենք նշել այս մասին: Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա: Դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել:
Մենք միշտ աջակցել ենք ՀՀ տարածքային ամբողջականությանն ու կշարունակենք անել դա: Այն ենթակռուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը:
Կասպից ծովի արևմտյան և արևելյան հատվածներում շատ լավ ենթակառուվածքային ծրագրեր ենք նախատեսել, և Հայաստանն այդ ճանապարհով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենա դեպի ազատ ծով»,- ասել է Մեհրդատ Բազրփաշը։