Սամվել Շահրամանյանի հրամանագրով լուծարված Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ կառավարությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից ս.թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները ներելու հետ կապված: Վերջինս ներել բառը գլխատառերով է գրել:
Հայրապետյանը ընդգծել է՝ գիտակցելով, որ օրենքի առջև բոլորն են հավասար, խնդրանքի պատճառն այն է, որ նշված կատեգորիայի վարորդները ԼՂ-ում երթևեկել են առանց արագաչափերի հսկողության։
Նա նշել է, թե մգեցված ապակիների, ապահովագրության, տեխնիկական զննման և մի քանի այլ հարցերի նկատմամբ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր ավելի լուրջ վերահսկողություն (շուրջ 10 ամիս վառելիքի սղության պատճառով մեքենաները համարյա չեն շահագործվել և այլն)։
«Հակառակորդի շարունակական ռազմական ագրեսիա, շրջափակում, բենզինի պահեստի չարաբաստիկ ողբերգություն, որից հետո բռնի տեղահանում. վարորդները, հայտնվելով ՀՀ-ում, վարել են մեքենաները ճանապարհներին քիչ ծանոթ լինելով և ծանր հոգեբանական վիճակում»,- նկատել է նա:
Պատգամավորը նշել է, որ եթե իր գրառումը համապատասխան գերատեսչության պատասխանատուներին չհասնի, այն կներկայացնի նաև գրավոր տարբերակով:
Նա նաև խնդրանքով դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, որ հնարավորինս շուտ ադապտացվեն իրենց համար նոր պահանջներին, ճանապարհային երթևեկության կանոնները և անվտանգությունը պահելով՝ զերծ մնան պատահարներից և տուգանքներից:
Հիշեցնենք, որ օրերս համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ պարեկները 100 հազարական դրամով տուգանել են ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի, որոնք տրանսպորտային միջոցները վարել էին առանց ԱՊՊԱ պայմանագրի:
Այս առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ՆԳՆ ոստիկանություն, որին ի պատասխան՝ կառույցից հայտնել էին. «Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ: ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով: Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»: