ՀՀ գլխավոր դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և հոկտեմբերի 20-ին քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը կալանավորվել է սեպտեմբերի 9-ին:
Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել էր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերված նյութը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց էր եղել:
Նախաձեռնված նոր քրեական վարույթը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթին։