Սատանովսկու դասը ընկեր Մարգոյին

«Ահա Մաշա Զախարովան, որն, ընդհանուր առմամբ, այնքան էլ չի սիրում հրեաներին, և նա տանել չի կարողանում Իսրայելը և իրականում չի թաքցնում դա։ Եվս մեկ աղաղակող տականք, որը մեզ մոտ, այնուամենայնիվ, ԱԳՆ խոսնակ է»,- ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ, ազգությամբ հրեա Եվգենի Սատանովսկին, որը նաև հայտնի ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների գլխավոր հերոսներից է։ Այս հայտարարությունից հետո Սոլովյովը հեռացրել է Սատանովսկուն իր հաղորդման աշխատակազմից։

Շատերին կարող է թվալ, որ սա այնքան էլ մեզ չվերաբերող իրադարձություն է, ինչպես հայտնի ֆիլմում են ասում՝ «իր մատանին, իր ամուսինը», ինչ գործ ունենք մենք նրանց մատի և մատանու արանքում։ Սակայն, Եվգենի Սատանովսկու սկզբունքայնությունը կարող է իդեալական դաս լինել նույն Սոլովյովի մոտ խամաճիկ աշխատող՝ հայկական ազգանունով, սակայն իսկական հակահայ կերպարով հանդես եկող մարդկանց համար, մասնավորապես Մարգարտիա Սիմոնյանի, նրա ամուսնու Տիգրան Քեոսայանի և մյուսների։

Վերջին շրջանում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հաճախ է Հայաստանի, իշխանությունների և նաև հայերի հասցեին անպարկեշտ արտահայտություններ իրեն թույլ տալիս, սակայն տարատեսակ սիմոնյաններն ու քեոսայանները ոչ միայն երբեք չեն փորձել սաստել, կամ գոնե պատասխանել Զախարովային, այլ հակառակը՝ իրենք էլ են միացել նրան և ավելի անպարկեշտ արտահայտություններ արել հայերի և Հայաստանի հասցեին։

Մենք սիրում ենք հայերին և հրեաներին համեմատել։ Հաճախ ենք խոսում հայերի և հրեաների նմանությունների ու տարբերությունների մասին։ Անշուշտ դրանք շատ են, սակայն գլխավոր տարբերությունը հենց Սատանովսկու և Մարգարիտա Սիմոնյանի նման մարդկանց մեջ է նաև ուրվագծվում։ Այդ տարբերությունը սեփական ազգության, սեփական հայրենիքի հանդեպ հարգանքն է։

Հրեա Սատանովսկին՝ հանուն իր հայրնեիքի, հանուն Իսրայելի և հանուն իր ազգի չի վախեցել կորցնել աշխատանքը և պատասխանել է Ռուսաստանի ղեկավարությանը, պատասխանել է լավ իմանալով, որ դա հետևանքներ է ունենալու։ Իսկ հայկական ազգանունով, ռուսական շահերին եւ սեփական բարեկեցության համար ազգություն ու հայրենիք ուրացած Մարգարիտա Սիմոնյանը՝ հանուն սեփական աշխատանքի, հանուն բարեկեցիկ կյանքի, հանուն Ռուսաստանի ղեկավարության առաջ հաճոյանալու՝ պատրաստ է իր տգեղ բառամթերքով պիտակավորել հայրենակիցներին և Հայաստանին։

Բնականաբար, թե հրեա գիտնական Սատանովսկին և թե ռուսական ծայրագավառից «մոսկովյան երազանքին» հասած ընկեր Մարգոն՝ աչքի են ընկնում ռուսական շահի սպասարկմամբ, սակայն, երբ խոսքը վերաբերել է այս երկու անհատների սեփական ազգին և հայրենիքին՝ նրանցից մեկի մոտ եղել են կարմիր գծեր, իսկ մյուսի մոտ կարմիր գծերը բացակայել են։ Ավելի ճիշտ, Մարգարիտա Սիմոնյանն էլ ունի իր կարմիր գծերը, սակայն դրանք հայերի և Հայաստանի հետ կապ չունեն։ Մարգարիտա Սիմոնյանի կարմիր գծերը սկսվում և ավարտվում են Կարմիր հրապարակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ