Եզակի միջպետական այց՝ միակ առևտրային գործընկեր երկիր. որքանով է ՌԴ տնտեսությունը կախված Չինաստանից

 

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի տնտեսությունն աստիճանաբար կախվածության մեջ է մտել չինական տնտեսությունից։ Դա ակնհայտ է արտաքին առևտրի դինամիկայից և յուանի աստիճանաբար աճող դերից։ Չինաստանը փաստացի փոխարինում է արևմտյան երկրներին, որոնք ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո մասամբ խզեցին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ի՞նչ ռիսկեր է պարունակում Չինաստանի հետ տնտեսական կապը Ռուսաստանի համար

Այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ վերջին ամիսներին հազվագյուտ դարձած միջազգային այց կատարեց Պեկին Ուկրաինայում պատերազմի բռնկման պահից ի վեր: Այս տարի նրա համար ավելի դժվար է դարձել ճանապարհորդելը, քանի որ մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու հրաման է տվել։

Պուտինը ժամանել էր Չինաստան, որը մեկուկես տարի ձգձգվող պատերազմից հետո դարձել է Ռուսաստանի գլխավոր տնտեսական գործընկերը՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին։ Չինական ԶԼՄ-ներում ՌԴ նախագահին նույնիսկ անվանել են միջոցառման «գլխավոր հյուր»։ Եվ սա Պուտինի միայն երկրորդ արտասահմանյան այցն է ՄՔԴ որոշումից հետո, մինչ այդ նա միայն մեկնել էր «բարեկամական» Ղրղզստան։

BBC-ն գրում է, որ Պուտինի համար Պեկինի ֆորումը Սի Ցզինպինի հետ անձնական բանակցություններ վարելու հնարավորություն է ոչ միայն հայտնի, այլ նաև գաղտնի թեմաներով:

Չինաստանը Ռուսաստանի նախագահին տեսնում է որպես եվրոպական առաջնորդ, մինչդեռ արևմտյան առաջնորդները սովորաբար անտեսում են Պեկինին առնչվող իրադարձությունները, նշում է լրատվամիջոցը:

«Պուտինի կարգավիճակը մեծարվում է, քանի որ վերջինս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարն է, մի երկիր, որն ունի միջուկային զենք, բացի այդ, այն Չինաստանի համար մեծ հարևան է, որը, ըստ փորձագետների, պատվաբեր կարգավիճակ է:

Միջազգային պատժամիջոցները փաստացի մեկուսացրել են Ռուսաստանին արտաքին աշխարհից՝ հանգեցնելով Արևմուտքի հետ հարաբերությունների խզմանը: Այս պայմաններում Պեկինը դարձել է Մոսկվայի ամենակարևոր գործընկերը։ ՌԴ-ն Չինաստանից ակնկալելու շատ բան ունի:

Չինական մեքենաներ և էլեկտրոնիկա

Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո արևմտյան ընկերությունները աստիճանաբար սկսեցին լքել Ռուսաստանը։ Որոշ ապրանքներ հնարավոր չէ երկիր մատակարարել պատժամիջոցների պատճառով։

Պատերազմի սկզբից և առաջին պատժամիջոցների սահմանումից հետո ավելի քան մեկուկես տարի Ռուսաստանը դեռևս կարողանում էր իր առևտրային հոսքերի մի մասը ուղղել դեպի արևելք՝ առաջին հերթին դեպի Չինաստան: Այստեղից երկիր սկսեցին մատակարարվել տարատեսակ ապրանքներ, այդ թվում՝ մեքենաներ և արդյունաբերական սարքեր։

Առաջին պատերազմական տարին ավարտվեց Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության ռեկորդային մակարդակով. դրա ծավալը գերազանցեց 190 միլիարդ դոլարը, տարեկան աճը՝ գրեթե 30 տոկոս (ըստ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային վարչության տվյալների): Այժմ աճի միտումը միայն շարունակվում է. 2023 թվականի ինն ամիսներին Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 176,4 միլիարդ դոլարի (+29,5% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):

Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել է, որ ռուս-չինական ապրանքաշրջանառության ներկայիս ծավալը «իրոք տպավորիչ է»։ Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն նպատակ է ունեցել 2024 թվականին հասնել Չինաստանի հետ 200 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության, բայց այդ ցւցանիշից հասել են հիմա, ժամանակից շուտ:

Մաքսային ծառայությունները չեն բացահայտում ըստ կատեգորիայի ապրանքները, որոնք Չինաստանը մատակարարում է Ռուսաստան։

2023 թվականի ամռանը լրատվամիջոցները, մասնավորապես, Politico-ն և Wall Street Journal-ը հայտնում էին Չինաստանից Ռուսաստան ռազմական և երկակի նշանակության ապրանքների մատակարարման մասին՝ զրահաբաճկոններ և սաղավարտներ, անօդաչու սարքեր, միկրոչիպեր: Պաշտոնապես Չինաստանը հերքում է պատերազմի ժամանակ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարելը, բայց սա չի նշանակում, թե նշված մատակարարումները չեն եղել երրորդ երկրների միջոցով:

Չինական ավտոմեքենաները ևս մեծ տեղ են զբաղեցնում ռուսական ավտոշուկայում։ 2022 թվականի վերջի դրությամբ 60 ապրանքանիշերից, որոնք առկա էին Ռուսաստանում մինչև պատերազմի սկիզբը, մնացելեն միայն 14-ը, որոնցից 11-ը չինական արտադրողներ են։

Չինաստանին բաժին է ընկնում նաև տեխնոլոգիական և սպառողական ապրանքների (համակարգիչներ, սմարթֆոններ, կենցաղային տեխնիկա և այլ էլեկտրոնիկա), ինչպես նաև թեթև արդյունաբերության ներմուծման ամենամեծ ծավալները։

Ստվերային գործարքներ և անավարտ ու կարևոր խողովակաշար

Աճում է ոչ միայն չինական ապրանքների ներմուծումը, այլև ռուսական ապրանքների արտահանումը Չինաստան։ Ճիշտ է, խոսքը հիմնականում վառելիքի մասին է՝ նավթ, գազ, ածուխ։ 2022 թվականին Ռուսաստանից էներգառեսուրսները կազմել են մատակարարման ծավալի ավելի քան 70%-ը։

Արևմտյան սահմանափակումների ներդրումից հետո՝ էմբարգո ռուսական նավթի մատակարարումների վրա, վառելիքի և գազի գնային առաստաղ, ածխի ներկրման արգելք, Ռուսաստանը նույնպես ուղղեց հոսքերի զգալի մասը դեպի Ասիա։ Այս շուկայում ամենամեծ գնորդները եղել են Չինաստանը և Հնդկաստանը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավթն էլ նրանց է առաքվում ստվերային սխեմաներով։ Պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը ստվերային նավատորմ է ստեղծել նավթ տեղափոխելու համար, ինչը թույլ է տվել շրջանցել պատժամիջոցները։

Ինչպես գրում է Financial Times-ը, այն բաղկացած է հարյուրից ավելի տանկերներից, և Մոսկվային դա անհրաժեշտ է եվրոպական երկրների փոխարեն Ասիա նավթ ներկրելու համար։ Ռուսաստանը օգտագործում է ստվերային նավատորմը ռուսական նավթի 60 դոլար գնի առաստաղը շրջանցելու համար. եվրոպական տրանսպորտային և ապահովագրական ընկերությունները չեն կարող սպասարկել նման բեռնափոխադրումներ, իսկ այլ երկրների ընկերությունները վախենում են երկրորդական պատժամիջոցներից:

2023 թվականի առաջին կիսամյակի վերջին Ռուսաստանը դարձել է Չինաստան հում նավթի հիմնական մատակարարը՝ առաջ անցնելով աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկից՝ Սաուդյան Արաբիայից։ Ասիական ուղղությամբ այլընտրանքը Հնդկաստանն է՝ ռուսական նավթի արտահանման երկրորդ խոշոր շուկան։

Պուտինի՝ Չինաստան կատարած այցից հիմնական ակնկալիքներից մեկն այն էր, թե արդյոք հնարավոր կլինի՞ համաձայնության գալ «Սիբիրի ուժը-2» գազատարի կառուցման շուրջ։ Մայիսին Financial Times-ը գրել էր, որ Պեկինը ձգձգում է նախագծի առաջընթացի շուրջ բանակցությունները, իսկ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի այցը Չինաստան արդյունք չի տվել։

«Սիբիրի ուժը-2» նախագիծը նախատեսում է տարանցում Արևմտյան Սիբիրի և Չինաստանի գազի հանքավայրերի միջև Մոնղոլիայի տարածքով։ Գազատարի նախագծումը սկսվել է 2020 թվականին, այն շահագործման կհանձնվի 2030 թվականին, սակայն դրա կառուցման պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Իսկ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի այս տարվա երկրորդ բանակցությունները չհանգեցրին այս հարցի լուծմանը։

«Սիբիրի ուժը-2» խողովակաշարի նախագծային հզորությունը 55 միլիարդ խորանարդ մետր է: Ըստ BBC-ի, այնկարող է փոխարինել եվրոպական արտահանման կորուստների կեսը:

Եվրոպական շուկայի հետ միասին Ռուսաստանը կորցրել է մոտավորապես 100 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանում, հետևաբար, վերը նշված գործարքը չափազանց կարևոր է «Գազպրոմ»-ի համար:

Նույնիսկ եթե Ռուսաստանին և Չինաստանին հաջողվի պայմանագիր կնքել հիմա, գազատարի կառուցումը կպահանջի առնվազն հինգ տարի, ուստի եվրոպական արտահանման կորուստների այս կերպ փոխարինումը մոտ ապագայում տեղի չի ունենա։

Յուան՝ դոլարի փոխարեն և կախվածություն Չինաստանից

Ուկրաինայում պատերազմի սկզբից չինական արժույթը հաստատել է իր դիրքերը Ռուսաստանում։ 2023 թվականի հունվար-հուլիսին Մոսկվայի բորսայում յուանի առքուվաճառքի ծավալն աճել է 6,5 անգամ՝ տարեկան 2,7 տրլն ռուբլու փոխարեն մինչև 18,3 տրլն ռուբլի: Որպես բարեկամ երկրի արժույթ՝ յուանը ձգտում է փոխարինել դոլարին և եվրոյին:

Ռուսական տնտեսության համար յուանը ընտրություն է դարձել՝ այլընտրանքի բացակայության պատճառով։ Պատերազմը փաստացիորեն մեկուսացրել է երկիրը նաև միջազգային առևտրից:

Այլ երկրների արժույթները կապված են շատ ավելի փոքր մասշտաբի առևտրային հոսքերի հետ և ենթակա են ռիսկերի, որոնցից հիմնականը պատժամիջոցներն են:

Ռուսական տնտեսության յուանիզացիան կարող է շարունակվել միայն մոտ ապագայում, բայց այս իրավիճակը խոցելի է դարձնում Ռուսաստանի տնտեսությունը յուանի և նրա կարգավորիչի՝ Չինաստանի ժողովրդական բանկի առջև:

Ռուսաստանի համար այլընտրանքային շուկա է համարվում Հնդկաստանը, սակայն այս երկրի հետ ապրանքաշրջանառության ծավալը շատ ավելի քիչ է, քան Չինաստանի հետ, բացի այդ, հնդկական ռուփին չունի չինական յուանին համարժեք արժեք:

Չինաստանը, ՌԴ-ից բացի, ամուր կապեր ունի ածխաջրածինների այլ մատակարարների հետ: Օրինակ՝ հում նավթը Չինաստանին մատակարարում են Սաուդյան Արաբիան, Իրաքը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

ՌԴ-ի դեպքում կարելի է տեսնել կախվածություն Չինաստանից: Եթե նախկինում Ռուսաստանը համագործակցում էր Չինաստանի հետ՝ միաժամանակ ունենալով մեծ շուկաներ Արևմուտքում, ապա այժմ Չինաստանն իրականում ՌԴ-ի միակ առևտրային գործընկերն է, ինչը նշանակում է, որ այս պարագայում Չինաստանը կարող է ինքը պայմանագրային պայմաններ առաջարկել, որոշ դեպքերում՝ պարտադրել Ռուսաստանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ