1994 թվականի հաղթական զինադադարից հետո մենք կարող էինք ունենալ արժանապատիվ խաղաղություն, անվտանգ Արցախ, ինքնիշխան Հայաստան և կանխատեսելի հարևանություն, սակայն 1998թ ռազմապետական հեղաշրջում իրականացրած խմբակը՝ առաջնորդվելով հարստանալու և իշխանության տենչով, գլխիվայր շրջեց մեր պատմությունը՝ աղետներ բերելով հայ ժողովրդին:
Կասկած չկա, որ Մեծ Աղետի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որր “Արցախը Հայաստան է ու վերջ” հռետորությունը բերեց “Արցախը Ադրբեջան է ու վերջ” մղձավանջի:
Մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, սեպտեմբերի 28-ին գրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այդու, սեպտեմբերի 28-ի հրամանագիրը, որը ստորագրեց Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, այն է՝ Արցախը 2024թ հունվարի 1-ից դադարեցնում է իր գոյությունը, Հայոց պատմության մեջ կարող է մնալ որպես դավաճանություն:
Ինչպես 1994թ հաղթական զինադադարից մինչև 2020թ սեպտեմբերի 27-ը կարող էինք խուսափել Մեծ Աղետից, այնպես էլ կարող էինք Արցախի հայաթափումից և լուծարումից խուսափել, եթե 2020թ նոյեմբերի 9-ից հետո ճիշտ գնահատեինք մեր, մեր հակառակորդների ու թվացյալ դաշնակիցների ուժերը, միջազգային դրությունը:
2023թ սեպտեմբերի 28-ի հրամանագիր ստորագրողը Սամվել Շահրամանյանն է, բայց նրա թիկունքում մի քանի ուժեր են, որոնց նպատակն էր ևս մեկ անգամ օգտագործել Արցախի հարցը և հասնել իշխանափության ու շարունակել հարստանալ:
Իշխանափոխություն կրկին չստացվեց, բայց ունեցանք ավելի քան 100 հազար հայության բռնի տեղահանություն, իր արմատներից փրթում ու 21-րդ դարի Հայոց Մեծ Աղետ:
Ապշեցնող է, թե ինչպես են Հայաստանի նախկին մի քանի նախագահների շրջապատն ու պրոպագանդիստները, ազգային ու պահպանողական համարվող կուսակցությունները խնայում ու լրագրողներից պաշտպանում սեպտեմբերի 28-ի հրամանագիրը ստորագրողին, Արցախում օգոստոս-սեպտեմբերին իշխանափոխություն իրականացրած խմբակին ու նրանց երևանյան մոդերատորներին:
Թաթուլ Հակոբյան