Հայաստանը որեւէ մեկին որեւէ խոստում չի տվել. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Էրդողանին

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանը որևէ մեկին որևէ խոստում չի տվել:

Այս մասին նա այսօր ասաց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թուրքայի նախագահի հայտարարությանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին:

«Ես ինչքան կարդացել եմ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, այնտեղ խոսվում է հետևյալի մասին, այնտեղ խոսվում է Հայաստանի խոստման մասին: Արձանագրենք, որ Հայաստանը որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որը օգտագործում են Թուրքիան և Ադրբեջանը: Այստեղ մի նրբություն կա, շատ է կարևորվում, թե այդ տերմինաբանությունը ոնց ենք մենք ընկալում, որովհետև մենք՝ ՀՀ-ում, նաև՝ հանրությունը, լայնորեն, այդ տերմինաբանությունը ընկալում է որպես Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ և արտատարածքային միջանցքի պահանջ»,- ասաց վարչապետը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ իրենք նման տերմինաբանությամբ և եզրաբանությամբ որևէ խոստում որևէ մեկին չեն տվել:

«Ես գիտեմ, որ երբ խոսակցություններ են գնում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ասվում է, որ այդ միջանցքային տերմինաբանությունը, որը դուք օգտագործում եք, մեզ համար ընդունելի չէ, նրանք ասում են՝ ոնց ընդունելի չէ, դուք եք ընդունել եռակողմ հայտարարությունը, մենք ասում ենք՝ եռակողմ հայտարարության մեջ նման բան գրված չէ, բացեք, նայեք, երբ որ գրված կլինի, մեզ ցույց կտաք: Միջանցք բառը ընդհանրապես գլոբալ աշխարհում ներկայացվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին: Եռակողմ հայտարարության մեջ դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետև այնտեղ կա Լաչինի միջանցքը, որը հայտարարության տրամաբանությամբ արտատարածքայնության կամ երրորդ ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում: Բացի այդ՝ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ ուղղակի, այն 5 կմ-անոց տարածքի շերտ է, որ գտնվում է 3-րդ կողմի վերահսկողության ներքո»,- ասաց նա:

Ըստ Կառավարության ղեկավարի՝ Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային կոմունիկացիաները:

«Այսինքն՝ մենք պատրա՞ստ ենք բացել ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար, այո, պատրաստ ենք, և ինչպես արձանագրվել է, դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա: Հայաստանի սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մքսային ծառայությունները: Մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ անվտանգությունը պետք է ապահովի ՌԴ-ն, ես ասում եմ, որ նման բան գրված չէ»,- շեշտեց Փաշինյանը:

Հարցազրուցավարի դիտարկմանը, թե ադրբեջանցի պաշտոնյաներից մեկն ասել է, որ եթե միջանցք չի լինելու, ինչպես է ապահովելու անվտանգությունը, իսկ ռուս պաշտոնյան ասել է, որ եթե միջանցք բառն այդքան ներվայնացնում է, կարող են օգտագործել ճանապարհ բառը, Փաշինյանն ասաց, որ որևէ խնդիր չկա. «Երկաթուղով անցնելու դեպքում Մեղրիի հարցն անառարկելի է, որովհետև այլ տեղ երկաթուղի մենք չենք ունեցել, մենք ունենք մի երկաթուղի՝ Իջևան, Հրազդան, Ղազախ, որտեղ շատ մեծ պրոբլեմ կա, հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որ, նախնական գնահատմամբ, վերացնելու համար 500 մլն դոլարի կարիք կա, և հարց է՝ դեռ կվերացվի՞, թե՞ ոչ: Բայց, մյուս կողմից, մենք ոչ մի խնդիր չունենք Մեղրիի երկաթուղին վերականգնելու առումով, ընդհակառակը՝ շահագրգռված ենք, որովհետև դա նշանակում է Հայաստանի շրջափակման վերացում և խաղաղություն մեծ հաշվով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ