Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն աշխարհի ամենագլոբալացված, ամենամիջազգայնացված հակամարտությունն է, ու դրա վերաբռնկումից ոչ մեկ չպետք է ուրախանա, առավել ևս՝ Հայաստանում, անկախ Ադրբեջանին Իսրայելի ցուցաբերած ռազմական օգնությանը…
Այդ բոցկլտացող հակամարտությունը ամենևին էմոցիաներին ու էմոցիոնալ բռնկումներին տուրք տալու հարմար օբյեկտը չէ. այնտեղ միախառնված են ոչ միայն աշխարհի խոշորագույն տերությունների շահերը, որոնք ազդում են կամ կազմավորում են Հայաստանի ռազմաքաղաքական ու անվտանգային միջավայրը, այլ նաև կրոնը, մահմեդականության ամենատարբեր ճյուղերը, ամենատարբեր վերազգային կազմակերպություններ….
Չլինելով այդ հակամարտության պատճառների, հնարավոր դինամիկայի խոր մասնագետ, այդուհանդերձ տեսանելի են դրա հնարավոր ազդեցությունները մեզ համար մի շարք առանցքային ուղղություններով
Նախ, Իսրայելի վարչապետ Նթենայահուն հայտարարել է, որ սա ռազմական օպերացիա չէ, այլ պատերազմ է, որը կարճ չի տևելու: ՊՆ նախարարն էլ սպառնացել է առաջիկա 50 տարիներին գետնի վրա փոխել ամեն ինչ այնպես, որ այն, ինչ կար, այլևս չլինի…. Թե ում է վերաբերում այս բազմանշանակ, անանուն, անհասցե հայտարարությունը, կարելի է ենթարկել բավական մեծ տարածաժամանակային մեկնաբանությունների…
Ի վերջո, փաստ է, որ աշխարհի, այդ թվում Արևմուտքի պետությունները միարժեք քննադատել են ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ-ի անպատճառ, չհիմնավորված հարձակումը Իսրայելի վրա ու ճանաչել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը… Մնացածը դժվար չէ կռահել, թե շղթայական կապով որ երկրների հետ են կապել ու կապում ՀԱՄԱՍ-ը… Հետևաբար, Իսրայելի ՊՆախարարի հայտարարությունը վերաբերում է բոլոր թվարկվածներն արմատախիլ անելուն, այնպես որ նրանք 50 տարի անց չլինեն՝ կուզեք անվանեք Պաղեստին պետություն, ՀԱՄԱՍ թե ընդհուպ Սիրիա, Լիբանան ու Իրան… Իսկ եթե կան վերջիններս, ապա կա Ռուսաստանը՝ ճիշտ ԱՄՆ-ի ու Արևմուտքի հանդեպ խրամատի այն կողմում… Ու դեռ հարց է, թե ինչ դերակատարում է ունեցել Ռուսաստանն այս ամենում, մանավանդ որ ռուսալեզու ալիքներն սկսել են տարածել, թե ՀՄԱՄԱՍ-ից առգրավված զենք-զինամթերքում եղել է Ուկրաինայից տրամադրված զենքեր…
Իսկ Իրանի բազում քաղաքներում հրավառություն է փողոցներում, կամ անգամ խորհրդարանում՝ «Մահ Իսրայելին վանկարկումներով…» Այսինքն, ինչպես որ Իսրայելի ղեկավարությունն է խոսում գետնի վրա այն ամենը վերացնելու մասին, ինչը սպառնում է Իսրայել պետությանն գոյությանը, նույն սիմետրիկությամբ Իրանի վերնախավում են հիշել Իսրայելի ոչնչացման անհրաժեշտությունը… Դեռ կեսօրին Մոսկվայում Իսրայելի դեսպանն էր Թեհրանին մեղադրել ՀԱՄԱՍ-ի հարձակման համար… Այնպես որ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբռնկումով արթնացել է նաև Իրան-Իսրայել տեկտոնական խզումը… Ասել է թե՝ այնտեղ ուժգին երկրաշարժը սոսկ ժամանակի հարց է, մանավանդ որ մինչև դա էլ Իսրայելն իր բոլոր դաշնակիցներով փորձելու է Իրանին նեղել ու խեղդել բոլոր հնարավոր ու հարևան թատերաբեմերում… Իսկ Կովկասը, Հայաստանը դրանցից մեկն է, Ադրբեջանն էլ՝ կազմ պատրաստ կանգնած…
Սակայն, մի փոքր տարակուսած է Բաքուն ու չի շտապում բացահայտ ու բարձրագույն աջակցություն հայտնել Իսրայելին մի քանի պատճառով. դրանցից առաջինը Թուրքիան է, ով տարիներ առաջ իրեն դիրքավորեց որպես Պաղեստինի ոտնահարված իրավունքների ու անվտանգության պաշտպան: Մավի Մարմարայի միջադեպը Իսրայելի ու Թուրքիայի միջև այդպիսի ժայթքման ցուցադրությունն էր: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն այս դեպքում էլ ուղղված է երկու կողմերին՝ սվաղելով Պաղեստինի նախահարձակության ու հարձակման պատասխանատվության փաստը: Թերևս Անկարան ոչ թե/ոչ միայն նախընտրում է հերթական կոնֆլիկտում միջանկյալ ռելսերի վրա դիրքավորվել՝ որևէ կողմ չպաշտպանելու ու իր ավանդական առևտուրն անելու համար, ինչպես Ուկրաինայի դեպքում, այլ Էրդողանի նեոօսմանականության կարևոր էլեմենտներից մեկը կրոնն ու պահպանողականությունն են, ու այդտեղ նա Պաղեստինին և մահմեդական աշխարհին անտեսել չի կարող: Ավելին, նրա կենտրոնաասիական դաշնակից Պակիստանում Պակիստանի Թալիբանը իր զորակցությունն է հայտնել Պաղեստինին ու ՀԱՄԱՍ-ին…
Փաստացի, Ադրբեջանի երբեմնի դաշնակիցների ճամբարում ճեղքում կա՝ մի կողմում Իսրայելը, որն իրեն սպառազինություն է մատակարել ու մատակարարում, և փոխարենն ակնկալում է ադրբեջանական հարթակի հակաիրանականացում, մյուս կողմից էլ այդ նույն ալյանսից Պակիստանն ու Թուրքիան են համապատասխանաբար առաջնորդվում ծայրահեղական ֆունդամենտալիզմով և կրոնական պահպանողականությամբ…
ԱՄՆ դեպքում իրավիճակը նույնպես բարդ է. մի կողմից նա միջնորդ է պաղեստինաիսրայելական հակամարտության մեջ, մյուս կողմից Իսրայելի թիվ մեկ դաշնակից, ով ճանաչել է նրա ինքնապաշտպանական իրավունքը, բայց նաև կոչ արել չօգտագործել առիթը, քանի որ աշխարհը նայում է…. Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից երկարատև պատերազմ որակված այս ամենը իր անջնջելի հետք է ունենալու ԱՄՆ մոտեցող նախագահական ընտրություններում… Ավելորդ է ասել, որ մեկնարկող տևական առճակատումն ու մեծ/լայն ստրատեգիան խոչընդոտելու է ԱՄՆ-Իրան որևէ բանակցության…
Բացվող անորոշությունները չափազանց շատ են ու մեծ, որոնք գումարվում են մեր տարածաշրջանի անորոշություններին:
Իրականում հակամարտության գոտիներում ստատուս-քվոները հերթով պայթում են: Առաջինը 2012-ին Սիրիան էր, ապա քիչ անց՝ 2013-ին Ուկրաինան, որոնք սալերի բախումը տարան 2020-ին Արցախ, իսկ այժմ էլ՝ Ավետյաց երկիր…
Իսկ մենք իրավունք չունենք այս ամենին նայել իբրև հեռու մի տեղին վերաբերող մի մարտաֆիլմ, ինչն արեցինք սիրիական ու ուկրաինական հակամարտությունների դեպքում, չհասկանալով, որ կրակի բոցերը մեզ էլ են հասնելու…
Իմաստնություն, դիմակայությունուն ու հեռատեսություն մեր երկրին: