«Ուզում եմ իրազեկել այսօր ընդունված կարևոր որոշման մասին»․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր ուսուցչի օրն է։ Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով մեր բոլոր ուսուցիչներին աշխատանքի համար, ուզում եմ իրազեկել այսօր ընդունված կարևոր որոշման մասին։ Հանրակրթության ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդը գիտի, որ ուսուցիչների բարձրացրած կարևորագույն հարցերից մեկը տարիներ շարունակ եղել է շաբաթական 22 ժամ դասավանդելու պահանջը մեկ դրույքի դեպքում, որն անհնար է դարձնում որակյալ աշխատանքը։

Այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ շաբաթական 22 դասավանդման ժամը դարձավ 18 տարրական դասարանների համար և 20` միջին և ավագ դասարանների համար։ Սա հանգեցնում է ուսուցչի վարձատրության 20 տոկոս աճի տարրական դասարաններում և 10 տոկոս աճի՝ 5-12-րդ դասարաններում։ Փոփոխությունն արդեն գործում է նոր չափորոշչով դասարաններում և դրան կավելանան մյուս դասարանները՝ հաջորդ ուսումնական տարվանից։

Հիշեցնեմ, որ օգոստոսի վերջին նիստում կառավարության որոշմամբ հաստատվել է նաև դասարանների կազմավորման նոր կարգը, որով նախատեսում ենք, որ 2026 թվականից դասարաններում սովորողների առավելագույն թիվը պետք է դառնա 20 ավագ դասարանների համար և 25` տարրական և միջին դպրոցի համար։

Այսօր նաև մանրամասն պարզաբանումներ են ուղարկվել դպրոցներին՝ ֆինանսավորման նոր կարգի կիրառման հետ կապված, մասնավորապես, պարզաբանվել է, որ ուսուցչի հաշվարկային դրույքաչափի համար պետք է պահպանվի դպրոցում գործած ավելի բարձր դրույքաչափը, որը կներառի տարիֆիկացիոն մատյանով վերջնական դրույքաչափի մեջ ներառված հավելավճարները։

Պարզաբանումներ են տրվել օպերատորների, փոխտնօրենների, նախակրթարանների դաստիարակների, դասղեկության վճարի, գրավոր աշխատանքների համար տրվող գումարների և այլ բարձրացված հարցերին՝ համապատասխան լուծումներով։ Մյուս տարվա համար կառավարության կողմից նախորդ նիստում հավանության արժանացած բյուջեի նախագծով միայն դպրոցների ֆինանսավորման համար նախատեսվել է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ լրացուցիչ գումար։

Այս փոփոխությունները և համատեղ հետևողական աշխատանքը պիտի բերեն կրթության որակի բարձրացման, որ հատկապես այս բարդ ու ճգնաժամային պայմաններում ավելի քան պահանջված է, ավելի քան այլընտրանք չունի։
Շնորհավորում եմ, սիրելի ուսուցիչներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ