Պուտինը կրկին խոսել է ՀՀ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում ճանաչելու մասին՝ «մոռանալով» իր արած հայտարարությունները

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը առանցքային խնդիր էր, բայց Հայաստանն ինքը ճանաչեց այն որպես Ադրբեջանի մաս:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ:

Պուտինը նշել է, որ երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը։

«Ինչն, անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է, բայց, այնուամենայնիվ, եղել է նման որոշում՝ նրանք չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը, բայց այստեղ՝ Պրահայում, ճանաչել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Եվ հետո 2023 թվականի սկզբին նույնը կրկնվել է Բրյուսելում տեղի ունեցած նմանատիպ հանդիպման ժամանակ:

Ի դեպ, մեզ ոչ ոք այդ մասին չի ասել, ես անձամբ եմ դա իմացել մամուլից, բայց Ադրբեջանը միշտ հավատացել է, որ Ղարաբաղը իր տարածքի մի մասն է», — հավելել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը ղարաբաղյան վերջին իրադարձություններն անվանել է Հայաստանի կողմից այս տարածաշրջանն Ադրբեջանի կազմում ճանաչելու անխուսափելի հետևանք։

Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, Պուտինը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։

«Միջազգային իրավունքի տեսակետով, ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մասը»,- մասնավորապես ասել էր ՌԴ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ