Գեղամ Մանուկյանը, երբ իր շնորհավորանքում նշում էր վճռականության և որոշում կայացնելու մասին ` Եվլախի հանդիպու՞մը նկատի ուներ, իսկ` Մամիջանյանը «կանչի» մասին խոսելիս` Լեռնային Ղարաբաղի կապիտուլիացիա՞ն.Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գրում է.

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը սեպտեմբերի 11֊ին Ազգային ժողովի ամբիոնից շնորհավորեց Լեռնային Ղարաբաղում 22 պատգամավորի կողմից նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին` ասելով, որ նրանից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք։
Հաջորդ օրը ՊՈւ պատգամավոր Հայկ Մամիջանյանը վստահ հայտարարեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանն անմտություն անի, ապա արյամբ էլ կվերցնեն քաղաքը և ավետեց, որ շուտով կհնչի «կանչը» և ամեն ինչ պարզ կդառնա։
Սեպտեմբերի 19֊ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, տեղի ունեցան ողբերգական և անդառնալի իրադարձություններ։
Եվլախում ԼՂ նախկին և ներկա նախագահները մեծ շտապողականությամբ ադրբեջանական կողմի հետ համաձայնության եկան զենքերը վայր դնել և գլխիկոր հեռանալ(մեղմ ասած)։
Զուգահեռ, տեղեկատվական հրեշավոր պատերազմ սանձազերծվեց Հայաստանի Հանրապետության դեմ` ռուսական հայտնի շրջանակների և նրա հայաստանյան մերձավորների կողմից։
Հայաստանյան մերձավորները դուրս եկան փողոց` վանկարկելով իրենց մշտական և սիրելի թեզը, այն է` Հայաստանի դավաճան իշխանությունները հանձնել են Ղարաբաղը(ոչ մի խոսք եվլախյան հանդիպման մասին)։
Ամբողջ տեղեկատվական դաշտն ակտիվ սկսեց տարածել ռուսական հայտնի դիրեկտիվները, որոնցով պետք է գիշեր ու զօր խփել և թուլացնել Հայաստանի իշխանություններին։
Օտագործելով նաև բազմաթիվ քաղաքացիների հուզական վիճակը`փողոց դուրս եկան մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ տզրուկի նման կպել էին Հայաստանի և Ղարաբաղի իրենց համար հատուկ հատկացված կերակրատաշտերին և հիմա առիթ են գտել նորից վերագտնելու կորսվածը։
Տարօրինակ զուգադիպությամբ բոլոր իրադարձությունները պտտվում էին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա շուրջը։
Բազմաթիվ փաստեր կարելի է նշել այս ողբերգական և ծանր օրերի վերաբերյալ,սակայն մի փաստ մնում է բաց` Գեղամ Մանուկյանը, երբ իր շնորհավորանքում նշում էր վճռականության և որոշում կայացնելու մասին ` Եվլախի հանդիպու՞մը նկատի ուներ, իսկ` Մամիջանյանը «կանչի» մասին խոսելիս` Լեռնային Ղարաբաղի կապիտուլիացիա՞ն։
Այս հարցերի պատասխանին կսպասեմ Ազգային ժողովի նիստում։
Հ.Գ.Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ