Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։
Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր և տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ:
Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների և կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ:
Թեպետ դուդուկը համարվել է տղամարդու գործիք, սակայն 20-րդ դարի վերջում ի հայտ եկան նաև կին դուդուկահարներ՝ Արմինե Գրիգորյան (ԱՄՆ), Աննա Սարգսյան, Լիլիթ Հովսեփյան: