Մարությանը ՌԴ-ին է պետք, Մարիա Զախարովային է պետք, Մարգարիտա Սիմոնյանին կամ նրա ամուսնուն. դա գաղտնի՞ք է, որ իրենք ուզում են Երևանում մեծամասնություն ունենալ, որ հետո ՀՀ-ում իշխանություն փոխեն. Արամ Սարգսյան

Civic.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, որը, հիշեցնենք, մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, և նրանց քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է։

Ըստ կուսակցության նախագահի, իրենց առաջարկը մյուսներից տարբերվում է նրանով, որ չեն առաջարկում մարդու փոփոխություն, այլ առաջարկում են մտածողության փոփոխություն, քաղաքական վեկտորի փոփոխություն։

Իսկ ինչպե՞ս պետք է հասնել դրան, չէ՞ որ ՏԻՄ ընտրությունները այդպիսի լիազորություն չեն ընձեռում։

«Երևան քաղաքի ընտրություններն իրենցից ներկայացնում են հանրաքվե։ Եթե Երևանում մեծամասնությունն ասի, որ ինքը քաղաքակիրթ աշխարհի կողմնակից է, դա ազդակ կլինի ոչ միայն գործող իշխանությանն ու մնացած քաղաքացիներին՝ այլև նույն Արևմուտքին», — ասաց Արամ Սարգսյանը։

Կուսակցության նախագահի կարծիքով, իրենց մոտեցումը ամենաշահեկանն է այս առումով՝ երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

Արամ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ «Հետևաբար էս խնդրին պետք չէ նայել՝ որպես զուտ ներքաղաքական խնդիր։ Մնացած բոլոր կուսակցություններն էլ չեն նայում որպես զուտ ներքաղաքական խնդիր։ Վարչապետն էլ իր վերջին հարցազրույցում հիմնավորեց, որ ՔՊ-ն էլ դրան չի նայում որպես ներքաղաքական խնդիր, և մենք այստեղ բացառություն չենք», — ասաց Սարգսյանը։

Արամ Սարգսյանը հիշեց 2018 թվականը, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլելով գալիս էր դեպի Երևան, և իրենք չմիացան ակցիային, ինչից հետո, ըստ Սարգսյանի, քննադատության կենտրոնում հայտնվեցին։ Հիշատակելով Հայկ Մարությանին Արամ Սարգսյանն ասաց․ «էդ մարդիկ «բաբչկեն» կապած մեզ սև էին համարում, իրենք սպիտակ էին։ Էդ ժամանակ դա իրենց պետք էր։ Երբ ԳՇ-ն հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա, ես գնացի հրապարակ ու ՔՊ-ի հետ բարձրացա հարթակ։ Էդ ժամանակ էդ «բաբչկեն» ու հոլիվուդյան ժպիտը չկար, էդ իրեն պետք չէր, իսկ հիմա պետք է․․․ կամ՝ տանել չեմ կարողանում լացկան տղամարդկանց․․․ հանրությանը ներկայանում է, որ իբր թե, որպեսզի ընտանիքը 60000-ի հույսին չմնա Կենտրոնի տունը տվել է վարձով, բայց ամենահարուստ թեկնածուն է․․․ իրեն թվում է, թե էս ամեն ինչը իրեն է պետք, բայց արդեն ինքն է ոմանց պետք»։

Մանրամասնելով թե ում է պետք, Սարգսյանն ասաց․ «Միանշանակ ՌԴ-ին՝ Մարիա Զախարովային, Մարգարիտա Սիմոնյանին կամ նրա ամուսնուն։ Ի՞նչ է, չի երևու՞մ, էդ գաղտնի՞ք է։ Գաղտնի՞ք է, որ իրենք ուզում են Երևան քաղաքում մեծամասնություն ունենալ, որպեսզի հետո Հայաստանում իշխանություն փոխեն»։

Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև Ադղամի ճանապարհով ռուսական բեռնատարի՝ Ստեփանակերտ մուտքին՝ նշելով․ «Եթե դա տեղի ունենար Արայիկ Հարությունյանի օրոք, ապա նրան Ստեփանակերտի հրապարակում գնդակահարել էին, իսկ երբ դա անում են դաշնակներն ու Ռուբեն Վարդանյանը՝ դա խիզախություն և հերոսություն է»։

Սարգսյանը հիշեցրեց Ռուբեն Վարդանյանի որոշ հայտարարություններ ու ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ հայտարարությունները պետք էին Ռուսաստանին։

«Ու հիմա իր ֆինանսական աջակցությամբ ու իր գաղափարախոսությամբ թիմը ինչ-որ համաշխարհային բանկից է խոսում, եվրոպական արժեքներին համապատասխան Երևանից է խոսում։ Մի կինո, մի թատրոն էլ էս է․․․ օրինակ ես «Լուսավոր Հայաստանի» և «Ապրելու երկրի» քաղաքական գաղափարների մեջ տարբերություն չեմ տեսնում։ Ինչո՞ւ Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստանից» գնաց «Ապրելու երկիր»»։Շ

Արամ Սարգսյանը նաև փոքրիկ գաղտնիք բացեց․ 2018-ի Երևանի ՏԻՄ ընտրությունները հիշելով, Արամ Սարգսյանն ասաց, որ դաշինք կազմելով «Լուսավոր Հայաստանի» հետ, որոշել էին քաղաքապետի թեկնածու առաջադրել Մանե Թանդիլյանին, որն այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր։ «Որևէ կերպ չկարողացանք Մանե Թանդիլյանին համոզել, որ առաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Իրեն էդ ժամանակ դա պետք չէր։ Խնդիրը կանգնեց Արտակ Զեյնալյանի վրա, որը, ի դեպ, Արդարադատության նախարարն էր։ Արտակն ասաց, եթե քաղաքական թիմին պետք է, կգամ ու կմասնակցեմ, որովհետև Արտակը գաղափարական է, ոչ թե ֆինանսական։ Արտակը թիմի մարդ է, թիմ լքող չէ», — ասաց Արամ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ