Հայկ Մարությանը 3-րդ անգամ հրաժարվում է Ավինյանի հետ բանավիճել. այս անգամ պատճառը «սուղ ժամանակն է»

Այսօր ՔՊ նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կազմում քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ոչ միայն հրաժարվել է Հանրային հեռուստաընկերության եթերում մասնակցել բանավեճի` պատճառաբանության մեջ նշելով իրենց վերաբերմունքը լրագրող Պետրոս Ղազարյանի նկատմամբ, այլև մերժել է Factor.tv լրատվամիջոցի եթերում մասնակցել բանավեճի։

Օրեր առաջ Տիգրան Ավինյանին առաջարկվել է մասնակցել Factor.tv-ի եթերում կայանալիք բանավեճին՝ քաղաքապետի թեկնածուների միջև։ Հարցին, թե ո՞ր թեկնածուներն են մասնակցում, և արդյոք մասնակցո՞ւմ է Հայկ Մարությանը, Factor.tv-ից պատասխանել են, որ Հայկ Մարությանը հրաժարվել է բանավեճից։

Քարոզարշավի ընթացքում Հայկ Մարությանի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Հովսեփ Կուբաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Factor.tv-ի կողմից նախընտրական բանավեճի հրավեր, մասնակցության ձևաչափի, ամսաթվի և այլ պայմանների մասին խոսակցություն չի եղել։ Ըստ նրա՝ Factor.tv-ն միայն այսօր է, որ բանավեճ կազմակերպելու առաջարկ է ուղարկել իրենց: «Քանի որ քարոզչությանն ընդամենը մեկ օր է մնում, և վերջին օրվա միջոցառումների, այդ թվում՝ մամուլի հետ շփումների գրաֆիկն արդեն նախօրոք կազմված է եղել, դրանում հապճեպ փոփոխություններ մտցնելը նպատակահարմար չենք համարում»,- գրել է նա։

Ստացվում է, որ Հայկ Մարությանը 3-րդ անգամ հրաժարվում է Ավինյանի հետ բանավիճել. այս անգամ պատճառը «սուղ ժամանակն է»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ