Գարիկ Գալեյանը մեղադրվում է խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար. փաստաբանը մանրամասներ հայտնեց

Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ Գալեյանը մեղադրվում է երկու արարքի համար։ Ըստ նրա՝ առաջին արարքը խուլիգանությունն է։

Այս մասին նա ասաց դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում։

«Դեռևս միջնորդության քննարկում է գնալու կալանքի մասով, չեմ կարող ինֆորմացիա տալ։ Սակայն խուլիգանությունը վերաբերում է անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին կատարել, նա շշով ջուր էր լցրել իշխանական ներկայացուցիչներից մեկի վրա, երբ վերջինս փորձել էր միջամտել ակցիային։ Ակցիայի մասնակիցներից որևէ մեկը այդ գործով չի հարցաքննվել։ Դա անհիմն է»,- ասաց նա։

Երկրորդ արարքը վերաբերում է թմրամիջոցներ պահելուն, որը փաստաբանը որակեց շինծու և արհեստական։

Ըստ նրա՝ այս գործողությունները կապված են քաղաքական գործընթացների հետ․ «Եթե ես հայտարարություն անեմ, որ դա կապված է քաղաքական գործընթացների հետ, կասեն փաստաբանը քաղաքականացնում է, բայց եթե իրերի խրոնիկան դիտարկենք, դա սկսվեց այն ժամանակ, երբ որ ծնողները միացան «Մայր Հայաստան» դաշինքին»։

Վերջինս նշեց, որ հանդիպել է Գալեյանի հետ, որը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարիկ Գալեյանին այսօր ձերբակալել են։ Նրա հարազատները և ընկերները հավաքվել են դատարանի բակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ