Զախարովան տրտնջացել է, նրան զարմացրել է ապօրինի զենք իրացնելու համար Միկա Բադալյանի և մյուսների ձերբակալությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր Երևանում կայանալիք ռուս-հայկական մեդիա ֆորումի ժամանակ տեսաուղերձի միջոցով առաջարկել է պարզ խոսել հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին։

Նա անթույլատրելի է համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը: Ըստ Զախարովայի՝ այդպիսի քայլ է մի շարք ռուս գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասին որոշումները։

«Նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, միջազգայնագետ Անդրանիկ Միհրանյանի, մեդիա-մենեջեր Արամ Գաբրելյանովի ընդգրկումը «սև ցուցակներում», ինչպես նաև ս.թ. օգոստոսին երկիր մուտք գործելու հնարավորության մերժումը Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, հանրապետությունում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին»,- նշել է նա:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ նման դեպքերը էական վնաս են հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական գծի վրա։

Նրան զարմացրել է նաև «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալությունը:

«Ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման ժամանակ կատարված սադրանքն ուղղված է, հավանաբար, երկկողմ հարաբերությունների և մեր արդիական օրակարգի համար կարևոր այս միջոցառման խափանմանը։ Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և դրանց ժողովուրդների մերձեցմամբ, շահագրգռված են հակառակով՝ մարդկանց օտարելով, ատելություն, վախ, անվստահություն սերմանելով։ Առանձին ռուս փորձագետների հայտարարությունները ոչ մի համեմատության եզր չունեն հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներում հակառուսական արշավի հետ։ Իսկ մենք պայմանավորվել ենք այսօր անկեղծ խոսել խնդիրների մասին։ Ռուսաստանն իր հերթին շահագրգռված է, որ միասնաբար, ազնվորեն և կառուցողական ձևով փնտրի իրավիճակը շտկելու ուղիները»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ