Շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայող կմասնակցի «Eagle Partner» զորավարժություններին

Շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայող կմասնակցի Հայաստանի հետ համատեղ անցկացվող «Eagle Partner» զորավարժություններին։

Այս մասին հայտնել են ԱՄՆ բանակի՝ Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունից։

Նշվում է, որ զորավարժություններին կներգրավվեն ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Նրանց հետ ՀՀ-ն համագործակցության ծրագիր ունի 2003 թվականից:

Զորավարժությունների նպատակն է նախապատրաստել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադը ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում այս տարվա վերջին գնահատմանը:

Հայաստանի և Միացյալ Նահանգների զինվորականները պարբերաբար տարբեր ձևաչափերով վարժանքներ են անցկացնում։ Մասնավորապես, այս օրերին ռազմական բժիշկները մասնակցում են Գերմանիայի Հոհենֆելս քաղաքի ռազմաբազայում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության զորավարժություններին։ 2022 թվականի հոկտեմբերին հայ խաղաղապահներն իրենց հմտություններն են կիրառել այնտեղ։ Նման զորավարժություններ նախկինում էլ են անցկացվել։

Հիշեցնենք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ անդրադառնալով այս զորավարժություններին, նշել էր.

«Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ