Լուրջ սպառնալիքի տակ ենք, պիտի պատրաստ լինենք.  Ստեփան Գրիգորյան


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ հաջորդ շաբաթ սկսվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնց մասին հայտնի դարձավ այսօր, ադրբեջանական կողմի համար զսպող գործիք կհանդիսանա:

Միևնույն ժամանակ նա չի ժխտում, որ Ադրբեջանը հնարավոր է՝ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ հաշվի առնելով սահմանում հակառակորդի զորք-զինտեխնիկայի կուտակումներն ու տեղաշարժերը։

«Դե յուրե պատերազմ չկա, բայց մենք գտնվում ենք հետպատերազմական վիճակում։ Ադրբեջանն անընդհատ հարձակվում է կա՛մ մեր սահմանին, կա՛մ Լեռնային Ղարաբաղի։ Այլ հարց է, թե որքան մեծ է պատերազմի հավանականությունը, ու դա կլինի՞ սեպտեմբերյան լայնածավալ պատերազմի օրինակով։ Փաստ է, որ մենք բավական լուրջ սպառնալիքի առջև ենք, սակայն պետք է պատրաստ լինենք, պետական մարմիններն այս ուղղությամբ լայնածավալ աշխատանք պետք է կատարեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ադրբեջանի ակտիվացող գործողությունները քաղաքագետը նաև կապում է Թուրքիայի նախագահի Սոչիի կատարած այցի հետ։ Նրա խոսքով՝ Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ԼՂ-ն վերջնականապես ադրբեջանական կողմից վերահսկվելու հարցը։ Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան նաև այլ պահանջ ունի․ ամեն կերպ ՀՀ-ից վերցնել «Զանգեզուրի միջանցք» ասվածը․ «Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանը Թուրքիայի հետ է, ունեն համատեղ շահեր։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են իրենց անվանակոչած «Զանգեզուրի միջանցք»-ը, ՌԴ-ն էլ ուզում է վերահսկել այդ միջանցքը, այսինքն՝ Մեղրիի ճանապարհը ու չի թաքցնում իր ցանկությունը: Բայց Հայաստանը հստակ է խոսում՝ ճանապարհ կտա իր օրենսդրության համաձայն, միջանցք՝ երբեք։ Հանդիպման ժամանակ պարզ է, որ եկել են որոշակի պայմանավորվածությունների: Ուրիշ խնդիր է, թե ի՞նչ հարցեր են քննարկել, որ լարվածությունը պատերազմի բարձրացել է»։

Գրիգորյանի խոսքով՝ պատերազմի մասին Է վկայում նաև Իսրայելից ռազմական ինքնաթիռներով Ադրբեջանի սահմանային տարածքներ զինամթերքի տեղափոխումը, Թուրքիայում ամեն ամիս զորավարժություններ անցկացնելը, ինչպես նաև Ադրբեջանում հայտարարված մասնակի հավաքը, որը քաղաքագետն անվանում է մոբիլիզացիա։

«Մասնակի մոբիլիզացիան պատահական չի արվում, ցույց է տալիս, որ ինչ-որ բանի պատրաստվում են։ Ադրբեջանը կհրահրի, իսկ Թուրքիան աջակից կլինի, նրանց ինֆորմացիա փոխանցելու ու հակառակորդի զորքերի ակտիվ տեղաշարժին նպաստելու դերն էլ կստանձնի ՌԴ-ն։ Այժմ հստակ է․ ֆիքսված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժը թե՛ ՀՀ-ի սահմաններին՝ Կապանի տարածքում, Նախիջևանի սահմանին, թե՛ ԼՂ-ում, սակայն ադրբեջանական կողմը չի սկսի ԼՂ-ից, չի գնա առճակատման ՌԴ-ի հետ, այլ կկենտրոնանա ՀՀ-ի դեմ։ Միաժամանակ, անպայման չէ, որ սա կապված լինի պատերազմ սկսելու հետ։ Վախեցնել, լարվածություն հրահրելու համար էլ կարող են արվել այս գործողությունները»,- ընդգծում է նա։

Կրկին անդրադառնալով սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում սպասվող հայ-ամերիկյան զորավարժություններին և դրան ուղղված Ռուսաստանի մտահոգությունների ու խորապես վերլուծելու մասին հայտարարություններին՝ Ստեփանյանը նկատում է՝ այս պարագայում ՀՀ-ն պետք է հաշվի առնի միայն իր պետական շահերը, այլ մեկնաբանությունները լուրջ ընդունել պետք չէ։

«Նշված զորավարժությունները մեզ համար շատ կարևոր են։ Իսկ ՌԴ-ն միշտ է դժգոհ․ սկզբում դժգոհ էր Եվրամիության դիտորդական առաքելությունից, հիմա՝ զորավարժությունից, բայց Հայաստանը գիտակցում է, որ ԱՄՆ-ի, թե այլ եվրոպական ու միջազգային կազմակերպությունների ու երկրների հետ համատեղ աշխատանքը բխում է միայն մեր շահերից։ Պետք է այդպես էլ առաջնորդվենք, ՌԴ-ին կարող է շատ բան դուր չգալ, դա իր գործն է։ Ինչպես, օրինակ, դուր չի գալիս այն, որ մեր երկրում մամուլն ազատ է: Զարգացնել է պետք մեր բանակը, երկիրը, որ եթե անգամ լարվածություն կամ պատերազմ լինի, ունակ լինենք պաշտպանվել»,- ասում է նա։

Զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունները չպետք է մեկնաբանել ՀԱՊԿ-ի զորավարժությունների ֆոնին, որոնք անցյալ ՀՀ-ն թույլ չտվեց անցկացնել մեր երկրում: Վերջինս խորհուրդ է տալիս փակել ՀԱՊԿ-ի էջն ու սառեցնել համագործակցությունը այդ կառույցի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ