Ամառային հանգստից հետո Արցախը փրկող նախկին իշխանությունները հուսամ` հիշում են 2013_ի սեպտեմբերի 3-ը, երբ իրենց «գրոսմայստեր» նախագահը մեկ գիշերում, «հանուն անվտանգության» ՀՀ-ն մտցրեց ԵԱՏՄ խեղկատակության մեջ` էլ ավելի խորը և համապարփակ խցկելով ոխերիմ դաշնակցի երախը` էլ ավելի անհնար դարձնելով ՀՀ զարգացումն ու անվտանգության իրական պաշտպանությունը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ շարունակելով.
«Դե իսկ սեպտեմբերի 3֊ին էլ հաջորդեց նույն տարվա դեկտեմբերի 2֊ը` ՀՀ-ՌԴ գազային 30֊ամյա ստրկացման պայմանագրի վավերացումը, որի դեմ ցույցին շատ քիչ էինք, սարսափելի ցուրտ էր, ոստիկանության տեռորն էլ` օրինաչափ դարձած։
Այդ օրերին շատերը չէին էլ հասկանում, թե էս պայմանագրով ոխերիմ դաշնակիցը ինչպես է անդառնալիորեն մեզ կախյալ դարձնում ու Հայաստանի անկախության չեղարկումը սենց մաս առ մաս իրականացնում էին, Արցախն էլ մանրադրամն էր, պարզապես պետք էր ձգել` հնարավորինս բարձրացնելով գինը։
Ով չի հիշում, ասեմ, որ սույն պայմանագրով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է բացառապես «Գազպրոմից», ընդորում գինը ֆիքսվել էր ընդամենը 5 տարով։
Ավելին, այդ համաձայնագրով ու նաեւ հետագայում ստորագրված փոփոխությամբ, երաշխավորվեց, որ կառուցվելիք Հայաստան-Իրան ու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրալարերով էլեկտրաէներգիայի արտահանման առավելությունը անցնում է «Հրազդան-5» Ջերմաէլեկտրակայանին, որն էլ կրկին նման հանցագործ պայմանագրով դեռ 2009֊ին էր փոխանցվել «Գազպրոմ»-ին, հե’նց փոխանցվել, ոչ թե վաճառվել, քանի որ դրա դիմաց ՀՀ ստացել է ընդամենը գազի գնի երկու տարվա սուբսիդիա, այն էլ ոչ բոլորի համար, այլ միայն սոցիալական որոշ խմբերի։
Շեշտեմ, որ Հրազդան ՋԷԿ-ի 5րդ բլոկի վերազինման համար բավական լավ առաջարկ ունեինք Իրանից, էս մասին մի մեծ հետաքննություն էի այդ օրերին արել, որի հետեւանքով ագենտուրայի թիրախավորման տակ էի, հերթական անգամ։
Մի խոսքով, Հայաստանն ու Արցախը փրկելը հնարավոր է այս ու նմանատիպ համաձայնագրերը, սեփական իշխանությունը պահելու համար` ոխերիմ դաշնակցին անվերապահ ծառայելու հետեւանքները վերացնելով, ոչ թե կենացներով ու պաթոսախեղդ ելույթներով»։