Ձերբակալված տղամարդը ոստիկանության բաժնի միջանցքում կոտրել է ապակիներ, վնասել ձեռքը. Ոստիկանության պարզաբանումը տարածված տեսանյութի մասին

Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 1.40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ:

«Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին:

Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը:

Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար՝ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ