Զախարովայի «լրփաբարո» հայտարարությունից հետո էլ ասելիք չունենք, սրանց ոտքը պետք է կտրվի ՀՀ-ից.Ռուբեն Մեհրաբյան

Զախարովայի «լրփաբարո» հայտարարությունից հետո էլ ասելիք չունենք, սրանց ոտքը պետք է կտրվի ՀՀ-ից.

«Սպասելի էր, որ Ադրբեջանը թույլ չի տալու նաև Ֆրանսիայից եկող հումանիտար բեռների մուտքը ԼՂ, որովհետև Ալիևի համար դա կլիներ դեմքի և հեղինակության անդառնալի կորուստ իր իսկ հասարակության աչքում: Բացի դա՝ թույլ երևալն ավտորիտար ռեժիմների համար մահացու վտանգ է, հղի ներքին ապակայունացմամբ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնությունը, որը Հակարիի կամուրջի մոտ չի ստացել ԼՂ մուտք գործելու հնարավորություն:

Քաղաքագետը նկատում է՝ այն, ինչ տեղի է ունենում, կարող է ձեռք բերել միջազգային հնչողություն:

«Եվրամիության արտգործնախարարների հանդիպում է սպասվում, որտեղ քննարկվելու է մի քանի քաղաքական հարց, այդ թվում՝ Ուկրաինայի, Կովկասի, մասնավորապես՝ Արցախի հարցը: Այստեղ հայկական դիվանագիտությունն աշխատելու տեղ ունի, և շատ կարևոր է ֆիքսել շահերի, նպատակների և արժեքների միասնություն և համատեղ գործողությունների պլան Հայաստանի և Եվրամիության, Եվրամիության առանձին առանցքային երկրների միջև, որոնք, կարող են իրենց քաշային կատեգորիայից ելնելով, ազդեցություն ունենալ տարածաշրջանային պրոցեսների վրա: Սակայն մենք պետք է հասկանանք, որ այս ամենն ունի և ունենալու է քաղաքական գին»,- ասում է նա:

Ըստ Մեհրաբյանի՝ որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, և դրա համար արևմուտքը ջանքեր գործադրի, Հայաստանը պետք է գին վճարի, և այդ գինը ռուսների դուրս գալն է տարածաշրջանից:

«Մեզ համար դա ուղղակի գտած բան է, մանավանդ, որ Ֆրանսիայի ներկայացուցիչներն իրենց գորիսյան ասուլիսում ասացին՝ այնպես, ինչպես Պուտինն է թիրախավորվում, պետք է թիրախավորվի նաև Ալիևը: Հայաստանը պետք է նաև ընդունի Հռոմի ստատուտն առանց վերապահումների, որով ընդհանրապես Պուտինի և Պուտինի «պուդելների» ոտքը կկտրվի Հայաստանից, և կկարողանանք արդեն անհատական հայցեր ներկայացնել Հաագայի միջազգային քրեական դատարան»,- նշում է զրուցակիցը:

Անդրադառնալով Ադրբեջանի իբր մարդասիրական քայլին՝ ԼՂ ժողովրդին մարդասիրական բեռներ ուղարկելուն՝ քաղաքագետն ասում է՝ Ադրբեջանը որոշել է ուղղակի ձեռք առնել հայ ժողովրդին, այնպես, ինչպես դա անում էին նացիստները համակենտրոնացման ճամբարներում:

«Երբ երեկոյան հարբած զվարճանում էին՝ մի կտոր հաց սեղանից շպրտելով մի քանի գերիների և ըմբոշխնելով, թե ոնց են իրար ծեծում: Ադրբեջանի քայլը դա է, որովհետև, եթե ձեր սիրտը հումանիստական է և ցավում է սովի մատնված մարդկանց համար, նախևառաջ բերքով լի դաշտերի ուղղությամբ մի կրակեք, մի կրակեք տրակտորների վրա, սովը մի օգտագործեք որպես ձեր քաղաքական օրակարգը պարտադրելու գործիք:

Սա ուղղակի կապիկություն է, ընդ որում, ըստ որոշ վարկածների, այդ PR ակցիան պետք է տեղի ունենար Մեհրիբան Ալիևայի ծննդյան առթիվ, և նա իր «հումանիզմը» նաև լրագրողների առաջ դներ ցուցադրության, բայց այդ պայմանավորվածությունը չկայացավ: Ռուսներն էլ փորձում էին համոզել արցախցիներին ընդունել այդ առաջարկը՝ հնարավորություն ստեղծելով, որ տիկին Մեհրիբանն իր «հումանիզմը» ի ցույց դնի, և դրա դիմաց արցախցիները հաց ուտեն»,- ասում է նա:

Մեհրաբյանը համոզված է՝ այս իրավիճակի «ճարտարապետը» ռուսներն են, և իրերը պետք է կոչել իրենց անուններով և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում:

«Մարիա Զախարովայի այսօրվա «լրփաբարո» հայտարարությունից այն կողմ (սեփական երկրի պարտավորությունները «մոռացած» ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին մեղադրել է Հայաստանին՝ հայտարարելով, թե Լաչինի միջանցքում առկա ներկա իրավիճակը հետևանք է ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, որը ներառում է նաև ԼՂ-ն -խմբ.) մենք էլ ասելիք չունենք, դրանց ոտքը պետք է կտրվի ՀՀ տարածքից, տարածաշրջանից, և այստեղ Երևանն անելիք ունի:

ՌԴ-ն պետք է իր դիրքերը կորցնի Հայաստանում ամենօրյա ռեժիմով՝ մի օր ռադ լինի «Զվարթնոց» օդանավակայանից, մի օր՝ Իրանի սահմանից, էն մյուս օրը ռադ լինի «Գազպրոմ»-ը, մի օր ՀԱՊԿ-ից դուրս գանք, էն մյուս օրը՝ ԵԱՏՄ-ից և այսպես շարունակ»,- ասում է Մեհրաբյանը՝ զայրանալով. «Ախր կարմիր կովը կաշին չի փոխում, կարմիր խոզը՝ նույնպես: Ինչո՞վ էին նրանք զբաղված 1988-91 թվականներին, այդ նույն կարմիր կովերը և խոզերը:

Եթե սովետը երեք ամիս ուշ «սատկեր», այնտեղ հայ չէր մնա: Հիմա նրանք զբաղված են նույն բանով, սովետի նույն թերմածքն են մնացել այնտեղի իշխանությունում և անում են նույն բանը, ու նրանք պիտի խաղաղապահություն անեի՞ն Արցախում: Մեկընդմիշտ պետք է եզրակացություն անել՝ կարմիր կովը կաշին չի փոխում»,- կարծում է նա:

Ռուբեն Մեհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ այդ ամենին հասնելու համար ԼՂ-ն, ինչպես նաև Երևանը պետք է բարձրաձայնեն հումանիտար ճգնաժամի ստեղծման պատճառները, ոչ թե դրանց կեսը, որը վերաբերում է Ադրբեջանին. «Կա մյուս՝ ավելի կարևոր կես՝ ՌԴ-ն է:

Այս ամենը չէր լինի, եթե չլիներ Ռուսաստանի ոչ թե թողտվությունը, այլ ուղղակի աջակցությունը: Դա նշանակում է, որ ՌԴ զորքերը այլևս ի վիճակի չեն և ցանկություն չունեն կատարել իրենց այն պարտավորությունները, որոնք ստանձնել իրենց նախագահի ստորագրությամբ: Հետևապես մեզ պետք է այլ կոնտինգենտ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ