Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն որևէ կերպ կցանկանա մաս կազմել էթնիկ զտումների քաղաքականությանը. Արարատ Միրզոյան

Ի՞նչ ուղերձով է Բելգիայի ԱԳ նախարար Հայաստանից հետո այցելելու Ադրբեջան:

Այս մասին այսօր Բելգիայի և ՀՀ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայի ԱԳ նախարարից հետաքրքրվեցին լրագրողները:

Հաջա Լահբիբին, արձագանքելով հարցին, ասաց. «Մենք նույն ելույթն ենք ունենալու, նույն դիրքորոշումն է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ Մեզ համար կարևոր է, որ այս հումանիտար իրավիճակը բարելավվի, և ԼՂ-ում բնակվող հայ բնակչության կյանքի պայմանները բարելավվեն։ Կոչ ենք անում թե՛ ՀՀ-ին և թե՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանին։ Ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը, որը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հորդորում ենք Ադրբեջանի ամենաբարձր իշխանությանը նույն կերպ վարվել»:

Ըստ նրա՝ այս պահին տարբեր ֆորմատներ են ընդգրկված բանակցություններում, ամենաբարձր մակարդակով բանակցությունները չեն պակասում, պակասում է դրանք տեղում օգտագործելու կամքը․ «Մենք ընդգծել ենք փորձագետների անհրաժեշտության ներգրավվածությունը, որոնք կկարողանան վերջ տալ թշնամանքին երկու ժողովուրդների միջև և իրական հաշտեցման ու վստահության հնարավորություն կտան, որպեսզի երկու ժողովուրդները խաղաղության մեջ ապրեն։ Որպես բելգիացի, ԵՄ ակտիվ անդամ, շուտով նաև ԵՄ խորհրդի ապագա նախագահող՝ մենք ամրապնդելու և ակտիվացնելու ենք մեր մասնակցությունը տեղի ունեցող բոլոր գործընթացներին»։

Մեկ այլ հարցի էլ անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով, թե, ըստ մամուլի հրապարակումների, ԱՄՆ-ն խոչընդոտում է ՄԱԿ ԱԽ նիստի բանաձևի ընդունումը, և որքանո՞վ է ՀՀ-ի համար ընդունելի Աղդամի այլընտրանքային ճանապարհը։

«ՀՀ-ն մշտապես ողջունել է և առաջարկել որևէ չեզոք հանձնաժողովի առաքելություն ուղարկել ԼՂ, միջազգային հանրության համար չեզոք, անկախ կարծիք տրամադրելու համար, բայց նաև նոր ջանքեր գործադրելու՝ խաղաղության և երկարատև խաղաղության կայունության հաստատման համար։ ՀՀ-ի պահանջով իրականացված հրատապ նիստը հրապարակային էր, և ամբողջ աշխարհը հնարավորություն ուներ լսելու բոլոր անդամ երկրների ու հրավիրյալների դիրքորոշումները, այդ թվում՝ ԱՄՆ դիրքորոշումը։ Ես չեմ կարծում, և քանի որ մենք խոսում ենք ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մասին, որ ԱՄՆ-ն որևէ կերպ կցանկանա մաս կազմել էթնիկ զտումների քաղաքականության: ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը և գիտակցում, որ ՄԱԿ ԱԽ բանաձևը կօգնի վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»,- ասաց Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ