Չմարսելով ՄԱԿ-ի ԱԽ որոշումը՝ Բաքվում «խորհուրդներ» են տվել Հայաստանի ԱԳ նախարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին դադարեցնել գործողությունները, որոնք իբրև խաթարում են տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը։

Ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ, ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին Հայաստանի արտգործնախարարության հայտարարության, ասվում է, որ Երևանն արդեն 30 տարի անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները։

Հայաստանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, վերջերս էլ ձեռնարկել է անհիմն մանիպուլյատիվ քայլեր՝ չսահմանափակվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Բաքվի՝ հայկական կողմը փորձում է «ապակառուցողական գործունեությունը» հիմնավորել տարբեր պատրվակներով և անհիմն հայտարարություններով։

«ՀՀ ԱԳՆ-ն պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ միջազգային իրավունքի հիման վրա և զերծ մնա տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտող դիվերսիոն գործողություններից՝ հայ հասարակության մեջ անիրատեսական ակնկալիքներ ստեղծելու և կեղծ բացատրություններ տալու փոխարեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ