Բանանի Միհրանը չի կարող ապաստան ստանալ Ռուսաստանում. Նա արտահանձնվելու է Հայաստան

«Միհրան Պողոսյանը չի կարող քաղաքական ապաստան ստանալ Ռուսաստանում։ Նման դիմում ներկայացնելու դեպքում նա շատ արագ մերժում կստանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին փաստաբան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այդ մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Միհրան Պողոսյանի պաշտպան Միխայիլ Յամչիտսկին: Նա հայտնել է, որ դիմումն արդեն ներկայացվել է, որոշումը պետք է կայացնի ՌԴ նախագահին առընթեր հանձնաժողովը: Նա պնդել է, որ Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով։

«Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, ի տարբերություն ՀՀ օրենսդրության, չի նախատեսում վարչական վարույթի իրականացում նման հայտի իրականացման դեպքում, եթե տվյալ անձը ՌԴ-ում հանդիսանում է մեղադրյալ հանձնման գործերով։ Այսինքն՝ Միհրան Պողոսյանը նման դիմում ներկայացնելուց հետո շատ կարճ ժամկետում, որպես կանոն՝ 6-7 օրվա մեջ, ստանալու է պատասխան, որ իր դիմումը չի կարող դառնալ քննության առարկա, քանի որ նա մեղադրյալ է հանձնման գործերով և գտնվում է հանձնման գործընթացում։

Սա չի վերաբերում միայն Միհրան Պողոսյանին։ Բոլոր մեղադրյալները, ովքեր այդ փուլում և այդ կարգավիճակով դիմում են ապաստանի համար, ստանում են նույն պատասխանը»,- մեզ հետ զրույցում ասաց Բաղդասարյանը ՝ հավելելով, որ ոչ մի պարագայում Միհրան Պողոսյանի համար բացառություն չի կարող արվել, քանի որ ՌԴ օրենսդրությունն այդ առումով շատ հստակ է։

աղբյուրը՝ 1in.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ