«Նրանք, որոնք անընդհատ ասում են՝ ոչինչ չի փոխվել, կամ ապուշ են, կամ քոռ…». Սերգեյ Դանիելյանը

Պարոն Դանիելյան, Ուկրաինայում դերասան Զելենսկու ընտրություններից հետո Հայաստանում հայտարարեցին, որ հաջորդը դուք եք լինելու, որ հաղթելու է գործող իշխանություններին։ Հատկապես Ձեր անունն է հնչում, որովհետև նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էիք, որ մտադիր եք մասնակցել ընտրություններին։ Հիմա որքանո՞վ է հավանական, որ Ուկրաինայի պատմությունը նաև մեզ մոտ կկրկնվի։

 Չէ, ես զահլա չունեմ նման բաների։ Պետք է շատ վատ լինի վիճակը, որ ես նման բան անեմ։

 Իսկ ինչպիսի՞ն է մեր վիճակը հեղափոխությունից մեկ տարի անց։ Դուք մեկ տարի առաջ շատ ոգևորված էիք տեղի ունեցող փոփոխություններով։

Ես հիմա էլ եմ շատ ոգևորված, շատ ուրախ եմ, որ Միհրան Պողոսյանին բռնել են, որովհետև ինքը գող է և ավազակ։ Ինքն անցյալ տարի ինձնից գողացել է 60 հազար դրամ։ Ես դատի եմ տվել, հետ եմ վերցրել այդ փողը, հետո դատարանում էլ ասել եմ, որ եթե փողը հետ եմ վերցնում, ԴԱՀԿ-ն ի՞նչ է պարտավորվում անել։ Գոնե կթողնի՞ մի հատ գլխին կտտացնեմ կամ թքեմ երեսին։ Որովհետև այնպես չի, որ մարդու փողը գողանում են, հետո ասում են՝ դե լավ, կներեք, հետ ենք տալիս։ Օրենքով պե՞տք է սահմանված լինի, որ դրա համար պատասխանատվություն պետք է լինի։ Ես ուրախ եմ, որ գողին բռնել են և, ըստ երևույթին, գողոնը առգրավված կլինի։ Փաստորեն հենց հեղափոխությունը եղավ, միանգամից փողերս հետ տվեցին, դատը շահեցի։ Հիմա էլ արդեն երկար ժամանակ է՝ ոչ մի հաշիվների սառեցում, ոչ մի անկապ տուգանք չի եղել։ Մի քանի անգամ եղել է, որ արագությունը գերազանցելու համար թեթև տուգանքներ են եղել։ Իսկ նրանք, որոնք անընդհատ ասում են՝ ոչինչ չի փոխվել, կամ ապուշ են, կամ քոռ են։ Կամ էլ իրենք գող ու ավազակ էին, ու հիմա չեն կարողանում այդ նույն գործունեությունը ծավալել, իրենց համար բան չի փոխվել։ Ինձ համար շատ բան է փոխվել։

 Շատերի գնահատմամբ՝ փոփոխությունները չեն նկատում առաջին հերթին նախկին իշխանության ներկայացուցիչները, կամ նրանք, որոնք հարմարավետ վիճակում են եղել նախկինների ժամանակ։ Որքանո՞վ է հեղափոխություն տեղի ունեցել մարդկանց մտքերում, թե՞ դրան հասնելու համար ավելի երկար ժամանակ է պետք։

 Ես չգիտեմ, թե որքան ժամանակ է պետք, հիմա ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Ուտոպիա է կարծել, որ հենց այնպես տեղի կունենա մտքի հեղափոխություն։ Սա մի փոքր մանիպուլյացիա է։ Նոր իշխանությունը հաճախ է ասում, որ միտքը պետք է փոխվի, բայց մենք գիտենք, որ կեցությունն է պայմանավորում մարդու գիտակցությունը։ Միտքը կարող է փոխվել այն ժամանակ, երբ պրոցեսը երկուստեք լինի, երբ սոցիալականը նույնպես սկսի փոխվել։ Համաձայն եմ, որ միտքը պետք է փոխվի, դրա համար պետք է մշակութային հեղափոխություն, իսկ դրա համար պետք են օրենքներ մշակույթի մասին։ Իսկ երբ մշակույթը ղեկավարում են դեգեներատներ, անհնար է մշակութային հեղափոխություն տեղի ունենա։ Եվ երբ մեր կրթության համակարգը հին համակարգն է, ոչ մի նոր հեղափոխական փոփոխություն չի եղել, չի կարող լինել մշակութային հեղափոխություն։

 Բայց չէ՞ որ Մշակույթի նախարարությունը որպես առանձին գերատեսչություն չի լինելու, միանում է ԿԳ նախարարությանը։

 Սա լավ է, և ես գոհ եմ այդ գործընթացից, որովհետև ոչ մի նորմալ երկիր, օրինակ՝ Անգլիան, ԱՄՆ չունեն մշակույթի նախարարություն։ Մեզանում դրանք սովետից մնացած են։ Բայց թե գերնախարարությունները, որոնք պետք է զբաղվեն մշակույթի մենեջմենթով, ինչպե՞ս կաշխատեն, մենք դեռ չգիտենք, պետք է հասկանանք։ Օրինակ՝ օպերայի հետ կապված բավականին դիլետանտական քայլեր կատարվեցին։ Սխալ է, որ մարդը, որ չի ճանաչում օպերան, չգիտի՝ թատրոնն ինչ բան է, չգիտի թատրոնի մեխանիզմը, առանձնահատկությունը, համարում է, որ չի կարող մեկը լինել եւ գեղարվեստական ղեկավար, և տնօրեն՝ չիմանալով, որ բոլոր թատրոններում էլ տնօրենը ձևական պաշտոն է և ամեն ինչ որոշում է գեղարվեստական ղեկավարը։ Անգամ անձնական նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին և Նազիկ Ղարիբյանին, որ կարող եմ հավաքել մարդկանց, մարդիկ գան բացատրեն, ես էլ իմ համեստ կարծիքը կհայտնեմ, բայց իմ նամակները անգամ չեն էլ կարդացել։ Եվ լավ է այն պրոցեսը, որ հինը քանդվում է, բայց թե նորը ինչպես է կառուցվելու, ես դեռ չեմ տեսնում։

 Իշխանությունը հայտարարում է, որ իր համար գերնպատակ չէ իշխանության մնալը և ինքն ամեն գնով չի կառչելու իշխանությունից։

Այն, որ կառչած չեն մնալու իշխանությունից, դա ասել է միայն Նիկոլ Փաշինյանը, բայց եթե համարենք, որ ամբողջ իշխանությունը ինքն է, դա ուրիշ բան, ես մյուսներից նման հայտարարություն չեմ լսել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի անկեղծության վրա նույնիսկ չենք էլ կասկածում։ Մյուսները չգիտենք՝ իրականում անկեղծ են, թե ոչ։

 Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո քիչ չեն ատելության դրսևորումները համացանցում։ Անհանդուրժողականության մթնոլորտն ինչի՞ հետևանք է։

 Անհանդուրժողականության մթնոլորտը նախկին իշխանության սարքած և նրանց սաբոտաժի արդյունքն է։ Ես էլ եմ քննադատում իշխանությանը, բայց ես միշտ ասելուց առաջ նշում եմ, որ նախկին իշխանության եթ իմ մնացած թերմացքը չառիթավորվի, որովհետև եթե ես չեմ ընդունում սրանց, դա չի նշանակում, որ ընդունում եմ նրանց։ Եվ այդ անհանդուրժողականություն ասվածի մեծ մասը գալիս է այնտեղից, ոչ թե մեր կողմից, որ այս իշխանությանը բերել են իշխանության, և մենք անհանդուրժողականություն նրանց հանդեպ չունենք, անհանդուրժողականությունը միայն գողերի, ավազակների և պետական դավաճանների հանդեպ է։

 Աղբյուր՝ lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ