Ինչպե՞ս է ստացվում, որ այդքանից հետո լուրջ-լուրջ հոդվածներ են հրապարակվում «Գելափ»-ի նոր հարցման թեմայով. Ալեքսանյան

«Այսօրվա պես հիշում եմ, որ 2021 թվականի ընտրություններին ընդառաջ հայտնի «Գելափ» ընկերությունը «հարցումների» արդյունքներ հրապարակեց, որտեղ ՔՊ-ն պիտի ստանար 20%-ին մոտ ձայն, դրանից մի փոքր ավելի քիչ պիտի ստանար Քոչարյանը։ Ես ու մեր մի շարք թիմակիցներ ասացինք, որ ակնհայտ է, որ հաջորդ «հարցմամբ» մեր ձայները տոկոսները «հավասարվելու են», իսկ վերջին օրերին էլ արդեն Քոչարյանը պիտի առաջ անցներ։

Ո՜վ հրաշք, ամեն ինչ հենց այդպես էլ եղավ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ ընտրություններին ՔՊ-ն ստացավ 53%-ից ավելի ձայն՝ երկու անգամ ավելի շատ, քան Քոչարյանի դաշինքը։

«Այս պատմությունը բոլորդ էլ գիտեք, ձեր աչքով տեսել եք, բոլոր վիդեոներն էլ պահպանված են։

Հիմա խնդրում եմ բացատրեք, թե ինչպե՞ս է ստացվում, որ այդքանից հետո որոշ լրատվանների հարգելի լրագրողներ գնում, լուրջ-լուրջ հարցեր են տալիս այդ ընկերության տնօրենին, լուրջ-լուրջ հոդվածներ հրապարակում նոր «հարցման» թեմայով»,-նշել է Ալեքսանյանը։

Նշենք, որ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտնել է, որ հարցվածների միայն 16,1 տոկոսն է միանշանակ հավատում ընտրությունների արդար անցկացմանը, շուրջ 52-55 տոկոսը չի վստահում արդար ընտրություններին:

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ առաջադրված թեկնածուների շարքում միանշանակ ֆավորիտներ չկան։ Մեծամասնությունը` 33, 4 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցին, 11 տոկոսը նշել է, որ ոչ մեկի օգտին չի պատրաստվում քվեարկել, 19,2 տոկոսը որոշել է չմասնակցել քվեարկությանը, 5,7 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ