Այգաբացում խուճապ է. արտերից գողացել են գյուղի հացահատիկը, հերթը կարտոֆիլինն է

Շիրակի մարզի Այգաբաց գյուղում մարդկանց մի մասը խուճապի մեջ է, մյուսները՝ շփոթմունքի: Գնացել են դաշտ՝ ցորեն-գարին հնձելու, տեսել են, որ դաշտերն արդեն հնձված են:

Ոչ մեկի արտում ոչ մի հասկ չի եղել: Դաշտամկները կրել, տարել, ամբարել են հողի տակ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Այգաբացի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանն ասաց՝ չի էլ պատկերացնում, թե անձամբ ինքն ու համագյուղացիներն առանց բերքի ինչ են անելու:

Դաշտամուկն այստեղ նորություն չէ, բայց անգամ գյուղի մեծերը չեն հիշում, որ դրանց թիվն այնքան լիներ, որ ամբողջ գյուղի բերքը գողանային, տանեին:

«20-30 սմ կփորենք, կիլոներով ցորեն դուրս գուկա հողի տակից»,-ասում է Վանեցյանը:

Այս տարի մկներն ակտիվացել են վերջին մեկ շաբաթում, բայց հատկապես եղել են գերակտիվ անցած 1,5 օրվա ընթացքում, և այնքան ակտիվ, որ գյուղացիներից շատերը սկզբում աչքերին չեն հավատացել իրենց մաքուր արտերը տեսնելիս:

Այս պահին ինչքան ցուցակագրել են, կարողացել են նախնական թիվ ստանալ: Մկները մոտ 60 հա ցանքատարածության հացահատիկ են ամբողջությամբ ոչնչացրել: Հանձնաժողով է կազմվել, արտից արտ են անցել, առկա վիճակը փաստել, տվյալները ներկայացրել Շիրակի մարզպետարան, այնտեղից էլ՝ Կառավարություն:

«Կային տնտեսություններ, որոնց արտերում հասկեր մնացել էին, ասեցին հնձենք, համ դաշտը մաքրվի, համ գոնե բերք կլինի: 1 հա-ի համար 27.000 դրամ ծախսել են քաղելու համար, 5000 դրամ էլ տվել են, որ բերքը տուն հասցնեն: Ընդհանուր 100 հա քաղել են, բայց եթե 1 հա 3-4 տոննա բերք էր ստացվելու, 200-300 կգ է ընդամենը քաղվել, այսինքն 16.000 դրամի ցորեն են ստացել: Այս մարդիկ կրկնակի են տուժել: Մի անգամ էլ կարկուտից էին տուժել, մի կերպ կարողացել էին վերականգնել հացահատիկը»,- ասաց վարչական ղեկավարը:

Վանեցյանն ասում է, բերքը հիմնականում ապահովագրված չէր, սակայն ով էլ ապահովագրություն ուներ, կարկուտի համար էր եղել այն: Մկների մասին փաստաթղթում խոսք չկա:

Այգաբացի վարչական տարածքում 1850 հա վարելահող կա, կրծողների դեմ պայքարի միջոցառումներ այստեղ ժամանակին են իրականացվել: Պատասխանատուն ասում է՝ անօգուտ է եղել, երկու օր չանցած մկները կրկին գրոհել են:

Գյուղացու ցորենն ու գարին ամբարած դաշտամուկը հիմա էլ կարտոֆիլին է սպառնում: Հացահատիկի դատարկ դաշտերից մկները լցվել են կարտոֆիլի մարգերը:

«Ես էլ ունեմ բերք, երկու օր առաջ եմ տարել դեղ դրել, էսօր գնացել եմ էլի նոր բներ կան, դուք չեք պատկերացնում, հազարավոր բներ կան, հազարավոր, գոնե հիմա կարողանանք կարտոֆիլը փրկել»,- ասաց Վանեցյանը:

355 հա ցանած ցորեն է եղել, դրա կեսը գոյություն չունի, մասնակի քաղվածն էլ հարցի լուծում չէ: Այս տարի առատ բերքի էին սպասում, անջրդի հողերից նվազագույնը 1 հա-ից 20-30, իսկ ջրովի հողատարածություններից՝ 60-70 ցենտների ակնկալիք են ունեցել:

Անկախ այս անակնկալից, Այգաբացում աշնանացանի են պատրաստվում, սեպտեմբերից կսկեն աշխատանքը, բայց թե մկներն իրենց ինչպես կպահեն, հայտնի չէ:

Հայտնի չէ նաև, թե վարկ ու պարտքով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացրած գյուղացիներն ինչպես են կարողանալու այս աղետից հետո ֆինանսական խնդիրները կարգավորել: 185 տնտեսություն ունեցող գյուղում հազիվ 5 ընտանիք է, որ վարկեր չունի, մյուսները մեկի փոխարեն մի քանիսն ունեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ