Վարչապետը տիկնոջ հետ իրենց տանը հյուրընկալել են Հայաստան այցելած ամերիկահայ աշակերտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաև վարչապետի երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները:

Ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ այցի ընթացքում դպրոցի մի շարք ուսուցիչներ և ծնողեր մոտեցել էին տիկին Հակոբյանին և պատմել, որ երեխաներն ամսվա վերջին այցելելու են Հայաստան և շատ են ցանկանում հանդիպել վարչապետ Փաշինյանին և նրա հետ զրուցել: Վարչապետն էլ սիրով համաձայնել էր հանդիպել երեխաների հետ:

Թեյի սեղանի շուրջ աշակերտները վարչապետից հետաքրքրվել են հայ-չինական հարաբերությունների, արտաքին և ներքին մարտահրավերների, սփյուռքի դերակատարության, արևմտահայերենի պահպանության, Հայաստանում զբոսաշրջության զարգացման և կենդանիների պաշտպանության խնդիրների մասին:

Հարցերի գերակշռող մասը վերաբերվել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանն ու  ծավալվող հետագա զարգացումներին: Վարչապետը շեշտել է, որ հեղափոխության ամենամեծ արժեքն այն էր, որ որևէ մարդ չզոհվեց և դեպքերը զարգացան խաղաղ ճանապարհով: «Մեր սկզբունքն այն էր, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենար խաղաղ ճանապարհով: Մարդկային կյանքը շատ կարևոր է մեզ համար և մենք չէինք կարող որևէ նպատակի համար կյանք զոհաբերել»:

Թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում հեղափոխությունից հետո, վարչապետն ասել է, որ փոփոխություններ ամեն օր են լինում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ