Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանի ղեկավարությունը դրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքը փրկելու համար։ Անհրաժեշտ են հրատապ գործողություններ: Դադարեցրե՛ք Լաչինի միջանցքի շրջափակումը»,- գրել է Մարուքյանը։
Արդեն 11 օր է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար Հայաստանի ուղարկած հումանիտար շարասյունը սպասման մեջ է:
Գործընթացի հենց առաջին օրից Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում որդեգրեց՝ հայտարարություններից ընդհուպ գործողություններ: Մինչդեռ այս ընթացքում Կոռնիձորի սահմանային հատված այցելած թե՛ օտարերկրյա դիվանագետները, թե՛ միջազգային ու տեղական մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում անձամբ համոզվեցին, որ Լաչինի միջանցքը հենց Ադրբեջանն է փակել: