«Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին». Թրամփը ուղերձ է հղել

Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ կրկին օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝  Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը:

Այս օրը մենք նաև հարգում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին երաշխավորելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք այն մեծահոգի ամերիկացիների ներդրած ավանդը, որոնք օգնել են փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Պատվելով բոլոր նրանց, ովքեր տառապել են, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս ահռելի դժվարությունների, աշխարհով մեկ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, կառուցեցին կենսունակ համայնքներ:

Մենք պատրաստ ենք դաս քաղել նախկին ողբերգություններից, որպեսզի դրանք չկրկնվեն: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ընդունելու և առերեսվելու իրենց ցավալի պատմությանը: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ